Պուտինը առաջարկներ է ստացել. Գրիգորյան

Պուտինը առաջարկներ է ստացել. Գրիգորյան

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարծես ստվերել է ռուս-ուկրիանական պատերազմը։ 

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մտել է երկարատև ու դանդաղ փուլ, որտեղ կողմերից ոչ մեկը ռազմավարական առավելություն չունի, իսկ առաջխաղացումները չնչին են։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունն ուղղակի ազդեցություն չի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության վրա. «Եթե պատերազմը ձգձգվի, կարող են խնդիրներ առաջանալ, բայց մեկ-երկու շաբաթ տևող ռազմական գործողությունները լուրջ ազդեցություն չեն ունենա ռազմաճակատի վրա»։

Գրիգորյանն անդրադարձավ նաև ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցին։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար ավելի շահավետ կլիներ, եթե ավարտեր ուկրաինական պատերազմը։

«Իրանական պատերազմը կամ լարվածությունը ենթադրում է, որ Պուտինը որոշակի առաջարկներ է ստացել՝ մասնավորապես Իրանի հետ համագործակցության, ներառյալ այնտեղ պահվող ուրանի հարցի շուրջ։ Չեմ կարծում, թե սա նոր զարգացում է ուկրաինական ռազմաճակատի համար»,- ասաց նա։

Ռուսաստանը կոչ է արել Թրամփին դադարեցնել ռազմական գործողություններն Իրանի դեմ, մինչդեռ ինքն ակտիվ գործողություններ է ծավալում Ուկրաինայում։ Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ սա միջազգային հարաբերություններին բնորոշ հակասություն է և երկակի ստանդարտների դրսևորում։

Ըստ քաղաքագետի՝ ռուսական կողմն այս պատերազմն օգտագործում է նաև տեղեկատվական առիթ ստեղծելու համար՝ ցույց տալու, որ ամերիկացիները գործում են նույն սխալները, որոնցում մեղադրում են Ռուսաստանին։

«Ռուսաստանի դիրքորոշումն այդ համատեքստում պարզ է. նրանք օգտագործում են նման հայտարարությունները տեղեկատվական նպատակներով՝ շեշտելով, որ ամերիկացիները նույնպես գործում են այն սխալները, որոնց մեջ մեղադրում են իրենց։ Ամերիկյան կողմն էլ, իր հերթին, կիրառում է երկակի ստանդարտներ»,- հավելեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ վտանգներն առկա են, հատկապես Հայաստանի համար՝ Իրանի շուրջ հնարավոր պատերազմի դեպքում, հաշվի առնելով մեր լոգիստիկ կախվածությունը հարևան երկրից և տարածաշրջանային լարվածությունը Պարսից ծոցում։

«Հայաստանը զգալիորեն կախված է Իրանից. տարբեր երկրներից զենքի և զինամթերքի տեղափոխումն իրականացվում է հենց Իրանի տարածքով։ Իրանի թուլացման դեպքում տարածաշրջանային հավասարակշռությունը կարող է խախտվել, ինչը կուժեղացնի Թուրքիայի և Ադրբեջանի դերը»,- նշեց քաղաքագետը։

Ամփոփելով խոսքը՝ քաղաքագետն ընդգծեց, որ աշխարհում արդեն նկատելի են հետևանքները՝ նավթի գների բարձրացում, լուրջ ազդեցություն տնտեսության վրա, հատկապես՝ Արաբական թերակղզում։ Հեղինակության առումով վնաս է հասցվել զարգացող ծառայությունների և զբոսաշրջության ոլորտներին, ինչը դժվար կլինի վերականգնել մոտակա ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում։

 

Լաուրա Հարությունյան

Leave a Comment