Նախիջևանի սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները

Նախիջևանի սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները

10 մարտի 2026 – 17:31 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի հրամանագրով հաստատվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները` հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները:

Փոփոխությունների համաձայն՝ վերանայվել է սահմանադրության նախաբանը։ Մինչ այժմ գործող տարբերակում նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և նույն տարվա հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, հայտնում է APA գործակալությունը։

Այդ պայմանագրերով վերահաստատվել էր, որ Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի կազմի մեջ մտնող տարածք, ինչպես նաև հստակեցվել էին նրա սահմանները։

Նշվում է նաև, որ 1921 թվականի մարտի 16-ից Նախիջևանը սկզբում կոչվում էրէ Նախիջևանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, 1923 թվականի հունիսի 16-ից՝ Նախիջևանի երկրամաս, 1924 թվականի փետրվարի 9-ից՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1990 թվականի նոյեմբերի 17-ից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

1926 թվականին ընդունվել է Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին սահմանադրությունը, 1937 թվականին՝ երկրորդը, իսկ 1978 թվականին՝ երրորդը։

Նախիջևանի ներկայիս սահմանադրության հիմքում ընկած է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը, որը ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ին անցկացված հանրաքվեի արդյունքում։

Նոր խմբագրությամբ սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի բաղկացուցիչ մասը։

Սահմանադրության հիմքում ընդգծվում են նաև 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրի և 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտի սկզբունքները, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին հանրաքվեով ընդունված Ադրբեջանի սահմանադրությունը։

Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածու ասվում է․ «Թուրքիայի կառավարությունն ու Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնվում են, որ Նախիջևանի շրջանը սույն պայմանագրի 3-րդ հավելվածով որոշված սահմաններում կազմավորում է որպես ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո»,- նշված է պայմանագրի 5-րդ հոդվածում:

Պայմանագրի համաձայն՝ Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։

Leave a Comment