10 մարտի 2026 – 17:00 AMT
PanARMENIAN.Net – ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ այլ երկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու և սպասվող խորհրդարանական ընտրություններին որոշ քաղաքական ուժերին աջակցելուն հարկադրելու վերաբերյալ:
Նշվում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի․
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
«Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ն կոչ է անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ ոստիկանություն:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: