Ավինյան․ Կարմիր գծերի նպատակը մեքենաների համար լավ պայմաններ ստեղծելը չէ

Ավինյան․ Կարմիր գծերի նպատակը մեքենաների համար լավ պայմաններ ստեղծելը չէ

10 մարտի 2026 – 17:09 AMT

PanARMENIAN.Net – Երևանում երթևեկության կազմակերպման քաղաքականությունը նպատակ չունի ստեղծել առավել հարմար պայմաններ մարդատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կարմիր գծերի վարձավճարի հնարավոր նվազեցման հարցին, հայտնում է Sputnik Արմենիան:

Քաղաքապետի խոսքով՝ մայրաքաղաքում իրականացվող քաղաքականությունն ուղղված է քաղաքի շարժունակության բարելավմանը։

«Միակ բանը, որ հնարավոր է Երևան քաղաքում, երթևեկության անցողիկության և անցունակության բարելավումն է, որը չի կարող ենթադրել ավելի լավ պայմաններ մարդատար ավտոմեքենաների համար։ Սա նշանակում է, որ մեր հիմնական նպատակն առաջին հերթին հետիոտնի և հանրային տրանսպորտի համար հարմարություն ստեղծելն է։ Հետագայում հնարավոր են նաև սահմանափակումներ մարդատար ավտոմեքենաների համար»,– ասել է Երևանի քաղաքապետը։

Դիտարկմանը, թե կարմիր գծերի գնի բարձրացումը նպատակ ուներ բեռնաթափել Երևանի կենտրոնը, սակայն խցանումները չեն նվազել, Ավինյանը պատասխանել է, որ մայրաքաղաքում խցանումների մակարդակը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի։

Նրա խոսքով՝ միաժամանակ քաղաքում ավելացել է մեքենաների քանակը, ինչը նշանակում է, որ երթևեկությանը մասնակցող մարդատար մեքենաների թիվն աճել է։

«Դրան զուգահեռ ուզում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքում մեքենաների քանակն ավելացել է, այսինքն՝ շարժմանը մասնակից մարդատար ավտոմեքենաների թիվն աճել է։ Սա նշանակում է, որ որոշակի լուծումներ, որոնք քաղաքապետարանը տվել է (որքան էլ դրանք պոպուլյար չէին սկզբնական շրջանում), որոշակի արդյունքներ են տվել։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա մենք շատ շուտով մի հավելված ենք հրապարակելու, որով յուրաքանչյուր մարդ կարողանալու է տեսնել Երևան քաղաքում ազատ կայանատեղերը և մոտավոր ժամանակը, թե երբ կհասնի այնտեղ»,– նշել է Ավինյանը։

Երևանի ավագանին 2026 թվականի համար հաստատել է կարմիր գծերում կայանման նոր սակագները․ Ա գոտում մեկ տարվա փաթեթը կազմում է 160 հազար դրամ, իսկ Բ գոտում՝ 24 հազար դրամ։ Ժամավճարը Ա գոտում 300 դրամ է, իսկ Բ գոտում՝ 200 դրամ։

Leave a Comment