Փաշինյան․ ՀՀ-ն պահպանելու է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն

Փաշինյան․ ՀՀ-ն պահպանելու է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն

10 մարտի 2026 – 17:24 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Փարիզում մեկնարկած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում, որտեղ հանդես է եկել ելույթով։

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ միջուկային էներգիան այսօր դիտարկվում է որպես ցածր ածխածնային և կարգավորվող էներգիայի աղբյուր, որը կարող է արդյունավետորեն համադրվել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ։

Նա նշել է, որ անվտանգության տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս երկարաձգել գործող միջուկային ռեակտորների շահագործման ժամկետները՝ ապահովելով զրոյական արտանետումների հասնելու արդյունավետ ճանապարհ։

Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը սկսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիր մինչև 2036 թվականը։ Նրա խոսքով՝ այդ քայլը հիմք կստեղծի ապագայում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։

Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։

Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից և կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և, ի վերջո, շահագործումից հանում։ Ուսուցման և կրթական ծրագրերի իրականացումը կարևոր է անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար։ Այս առումով, Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։

Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ Հայկական Ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը, որը չափազանց կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը»,-ասել է Փաշինյանը:

Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի և Խորվաթիայի վարչապետները, ինչպես նաև մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:

Leave a Comment