ԱԳՆ․ Իրանում զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան

ԱԳՆ․ Իրանում զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան

10 մարտի 2026 – 16:45 AMT

PanARMENIAN.NetԻրանում զարգացումների հետևանքով զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Իրանում Հայաստանի դեսպանատունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 6-ին հաղորդվել էր՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո այդ երկրում ՀՀ դեսպանությանը դիմել էին Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկը վերադարձել էր Հայաստան, իսկ երկրորդի վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում էր։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օգնում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։

Դեսպանությանը շարունակում են դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ ՀՀ մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Նրանց տրամադրվում են անհրաժեշտ պարզաբանումներ և ուղղորդումներ։

Դեսպանությունը աջակցում է Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ Հայաստանի տարածքով նրանց վերադարձը կազմակերպելու հարցում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment