Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Լիբանանը պատրաստ է նոր հրադադարի համաձայնագիր հաստատել Իսրայելի հետ և զինաթափել «Հեզբոլլահ» շարժումը։ Այս մասին նա ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ առցանց հանդիպման ընթացքում։
Աունի առաջարկած նախաձեռնությունը ներառում է Իսրայելի կողմից «բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում» և լոգիստիկ աջակցություն Լիբանանի բանակին, որը հետագայում պետք է առգրավի «Հեզբոլլահի» ողջ զինանոցը։ Նա նաև առաջարկել է, որ կողմերը սկսեն ուղիղ բանակցություններ միջազգային միջնորդությամբ՝ հրադադարի պայմանների իրականացման համար։
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» հարձակումներով փորձում է երկիրը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ՝ նշելով, որ իսրայելական պատասխան հարվածների հետևանքով ավելի քան 600 հազար լիբանանցի տեղահանվել է։
Միևնույն ժամանակ, ըստ Իսրայելի բանակի տվյալների, մարտի 2-ից ի վեր իրականացվել է ավելի քան 500 հարված Լիբանանի տարածքում, որոնց ընթացքում ոչնչացվել են «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներ և սպանվել են շարժման ավելի քան 200 մարտիկներ։
