Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը մեկնարկել է

Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը մեկնարկել է

10 մարտի 2026 – 15:37 AMT

PanARMENIAN.Net – Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատավարության հիմնական փուլը։

Այս գործով մեղադրյալի աթոռին երկու անձ է։ 20-ամյա Գևորգ Հարությունյանը մեղադրվում է սպանությունը կատարելու մեջ, իսկ 31-ամյա Նարեկ Օհանյանը՝ սպանությունը պատվիրելու մեջ, հայտնում է Radar Armenia-ն:

Վալոդյա Գրիգորյանը սպանվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին՝ իր տան մոտ։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմանում, Մերձավանում՝ Երևանյան խճուղու վրա գտնվող իր նորակառույց տան հարևանությամբ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նույն վայրում մահացու վիրավորում է ստացել նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ով Գրիգորյանի ընկերն է եղել և դեպքի պահին նրա կողքին է գտնվել՝ ոչ ծառայողական պայմաններում։ Ծանր վնասվածք ստացած քաղաքացին Արծրուն Գալստյանն է, ում վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Սպանությունը գործադրած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է Գրիգորյանին ու նրա ուղեկիցներին ու կրակահերթ արձակել։ Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment