Արևի վրա ձևավորվում է նոր կորոնային անցք, սակայն մոտ օրերս այն լուրջ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից։
Գիտնականների տվյալներով՝ Արևի մակերեսին արդեն ձևավորվել են նոր կորոնային անցքի ուրվագծերը։ Սակայն դրա ազդեցությունը Երկրի վրա սպասվում է միայն շաբաթ օրը՝ մարտի 14-ից սկսած։ Մինչ այդ տիեզերական եղանակը կանխատեսվում է գրեթե հանգիստ։
Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ վերջին օրերին Արեգակի վրա փոքր-ինչ աճել է նաև բռնկումների ակտիվությունը։ Կեսգիշերի մոտ տեղի է ունեցել C7.8 մակարդակի արևային բռնկում, որը ամենաուժեղն է փետրվարի 25-ից ի վեր։ Սակայն այն տեղի է ունեցել Արեգակի ձախ եզրի հատվածում, և այդ դիրքի պատճառով գեոմագնիսական հետևանքներ չի ունենա։
Գիտնականների հաշվարկներով՝ այսօր գեոմագնիսական խանգարումների հավանականությունը կազմում է մոտ 20%, իսկ թույլ մագնիսական փոթորիկների հավանականությունը՝ ընդամենը 7%։ Հաջորդ օրերին այդ ցուցանիշները ևս կնվազեն։
