Տասնամյակներ շարունակ Հայաստանն առերեսվել է մի ցավոտ իրականության հետ՝ կորցնելով իր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ մարդկային կապիտալը: Աշխատանքի, անվտանգության և բարեկեցիկ կյանքի փնտրտուքով հազարավոր հայեր լքել են հայրենիքը՝ հաճախ թողնելով դատարկվող համայնքներ ու մեկ գլխավոր հարց. ո՞վ է կառուցելու վաղվա Հայաստանը: Սակայն կա մի հոսանք, որն ապացուցում է հակառակը՝ արտագաղթածներն ու սփյուռքահայերը ոչ թե հայրենիքի համար կորած, այլ իրենց ժամին սպասող ներուժ են: Հենց այս համոզմունքի վրա է խարսխված «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի գործունեությունը:
«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի տաղավարում հիմնադրամի ծրագրերի ղեկավար, Բելառուսից հայրենադարձված Մարիաննա Չոբանյանը բացում է փակագծերը, թե ինչպես են մարդիկ որոշում կայացնում վերադառնալ և ինչպես է հիմնադրամը դառնում նրանց հիմնական հենասյունը մայր հողում:
Առաջին քայլերը. տեղեկատվությունից մինչև աշխատանքի տեղավորում
Հայրենադարձությունը միայն ֆիզիկական տեղափոխություն չէ. դա բարդ սոցիալ-հոգեբանական և կենցաղային ադապտացիայի շրջան է: Հիմնադրամի աշխատանքը սկսվում է շատ ավելի վաղ, քան հայրենադարձի ինքնաթիռը վայրէջք կկատարի «Զվարթնոցում»:
«Նույնիսկ երբ մեր հայրենակիցները դեռ գտնվում են սփյուռքում, մենք կազմակերպում ենք առցանց հանդիպումներ, կապ հաստատում և պատասխանում տարբեր հարցերի: Իսկ երբ արդեն գալիս են, շարունակում ենք այդ ճանապարհը նրանց հետ միասին», — նշում է Մարիաննա Չոբանյանը:
Հայաստան տեղափոխվելիս մարդիկ բախվում են երկու հիմնական խնդրի՝ իրավական կարգավիճակի ձեռքբերում և աշխատանք: Հիմնադրամում վստահ են՝ ինտեգրման բանալին հենց մասնագիտական կայացումն է: «Եթե դու Հայաստանում աշխատանք գտնես, կարող ենք համարել, որ քո անցնելիք ճանապարհի 70%-ն արդեն հաղթահարել ես», — ընդգծում է ծրագրերի ղեկավարը:
Ճգնաժամերին ընդառաջ. ռեկորդային ցուցանիշներ
2022 թվականին, աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին, հիմնադրամը գործարկեց հատուկ ծրագիր Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ժամանած հայերի համար: Ծրագրի հաջողությունը աննախադեպ էր՝ 80%. մասնակիցների մեծ մասը հաստատվեց, գտավ աշխատանք ու մնաց Հայաստանում: Այսօր հիմնական հայրենադարձվողների միջին տարիքը 35-40 է. սրանք կայացած մասնագետներ են, որոնք հայրենիք են բերում աշխատանքային նոր մշակույթ:


Կյանքը Երևանից դուրս և օրենսդրական դաշտը
«Վերադարձ Հայաստանի» կարևորագույն առաքելություններից է կոտրել «Հայաստանը միայն Երևանն է» կարծրատիպը՝ ճանաչողական այցեր կազմակերպելով դեպի մարզեր: Միևնույն ժամանակ, մասնագետները շեշտում են «Հայրենադարձության մասին» օրենքի անհրաժեշտությունը, որը թույլ կտա ունենալ հստակ վիճակագրություն և ընդլայնել արտոնությունների փաթեթը:
Վերադարձ, որը բերում է խաղաղություն
Մարիաննան կիսվում է նաև անձնական օրինակով: Հինգ լեզուների տիրապետող մասնագետի համար Հայաստանում ինքնահաստատվելը դյուրին չի եղել, սակայն նա գտել է ամենակարևորը՝ ներքին հանգստությունը. «Անկախ նրանից, թե այս տարիների ընթացքում ինչ ապրեցինք, ես այստեղ ինձ հանգիստ եմ զգում: Ես ցանկանում եմ այստեղ մնալ, ապրել և աշխատել»:
Հայաստանը չունի նավթ կամ գազ, բայց ունի շատ ավելի հզոր ռեսուրս՝ համաշխարհային մարդկային կապիտալը: Յուրաքանչյուր ճիշտ կազմակերպված աջակցություն մոտեցնում է այն օրվան, երբ արտագաղթը վերջնականապես կզիջի իր տեղը հայրենադարձության մեծ ալիքին։