Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` նրա կալանքը դատարանում քննելու նպատակով․ ԳԴ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում նրա նկատմամբ կալանքի միջնորդությունը դատարանում քննելու նպատակով, Armenia Today-ին հայտնել են ԳԴ մամուլի ծառայությունից։

Ըստ դատախազության՝ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՔՕ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել, պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ):

Հակոկոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանն Armenia Today-ին հայտնեց, որ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու հանգամանքը։

Ըստ խոսնակի՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված նա 2001-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով  ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության գործող պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։

Այս հիմքով ՔԿ-ն 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, նշել է Նովրուզյանը։

Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից։

2024 թվականի հոկտեմբերի 8-ն Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության մեկ այլ հայց՝ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցի գույքի բռնագանձման վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունը պահանջել էր հօգուտ ՀՀ  բռնագանձել 14 անշարժ, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն և 5 միլիարդ, 92 միլիոն դրամ:

Արաքսյա Սնխչյան

 

 

Leave a Comment