Այսօր բժշկական կենտրոններում արատավոր մթնոլորտ է տիրում. տնօրենները բժիշկներին հրավիրում են խորհրդակցությունների և սպառնում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին այսօր հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
«Ասում են՝ սա է առողջապահության վիճակը, սրանք են հիմնադրամի փոխհատուցումները, կարգը, և եթե դուք գտնում եք, որ չպետք է աշխատեք՝ դիմումներ գրեք, գնացեք։ Իսկ եթե աշխատելու են, սպառնում են, որ հանկարծ չլինեն բողքներ, սոցցանցերում հրապարակումներ. մի խոսքով՝ սուսուփուս նստեք և աշխատեք»,- ասաց նա։
Անուշ Պողոսյանը միաժամանակ դիմեց ԲԿ-ների տնօրեններին՝ հիշեցնելով, որ նրանք չեն որոշում՝ բուժաշխատողները որտեղ բողոքեն՝ դատարանում, տեսչական մարմնում, թե սոցցանցերում։
«Եվ չի կարելի նման ձևով սպառնալ առողջապահական համակարագի աշխատակիցներին։ Ստացվում է, որ այս մարդիկ մե՛կ ծանր աշխատանք են կատարում՝ բազմաթիվ են հիվանդներ, հերթեր, ծանրաբեռնվածություն, թղթաբանությունը՝ շատ, դրա հետ մեկտեղ էլ ադմինիստրացիայի սպառնալիքները։
Խնդրում եմ մեր բուժաշխատողներին, որ եթե ունեք նմանատիպ սպառնալիքներ, աշխատանքից ազատման դեպքեր, ապա գրեք ինձ անձնական նամակով, և մենք ձեզ մենակ չենք թողնի, կլինենք ձեզ աջակից»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Նա հատուկ անդրադարձավ «Արմենիա» ԲԿ-ի տնօրինությանը՝ նշելով, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ երեկ տեղի է ունեցեել խորհրդակցություն և հայտարարվել է, որ եթե սոցցանցերում աշխատավարձերի հետ կապված գրառումներ լինեն, աշխատանքից կազատվի ոչ միայն գրառում կատարած բուժաշխատողը, այլ նաև այն բաժնի վարիչը, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը։
««Արմենիա» ԲԿ-ի սիրելի տնօրնություն, եթե դա այդպես է, շատ վատ է։ Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ձեր հերքումը։ Կարծում եմ՝ ձեր խորհրդակցությունների ժամանակ պետք է լինեք ավելի կոռեկտ, զուսպ, և ձեր արտահայտությունները պետք է լինեն օրենքով սահմանված կարգով։ Եվ անգամ եթե մտքի ծայրով մտածում եք մի բան, որն օրենքի մեջ չի տեղավորվում, ապա դրա մասին օնլայն ռեժիմով ինձ տեղեկացնում են, և ոչ միայն ինձ, այլև այլ մարմինների նույնպես։
Ինչ վերաբերում «Արմենիա» ԲԿ-ի գործադիր տնօրենին, որը դիրքավորված է որպես ընդդիմադիր և տասնյակ տարիներ օգտվել է այն կուսակցության բարիքներից, որին հարում է, ուզում եմ ասել, որ հաստատ այդ կուսակցությանը չի սազում, որ Դուք լինեք նրա անդամը և բուժաշխատողներին սպառնաք։ Կողմնորոշվեք՝ ընդդիմադի՞ր եք, թե ոչ։ Կողմնորոշվեք՝ կատարո՞ւմ եք այդ ապօրինությունները, թե ոչ։ Ես ունեմ հայտնի հայտնի խոսք և ասում եմ՝ հարգելի՛ս, կիսով չափ հղի չեն լինում։ Այնպես որ որոշեք՝ ընդդիմադիր եք, թե ոչ»,- ասաց Անուշ Պողոսյանը՝ կրկին հիշեցնելով, որ բուժաշխատողների կողքին են։