Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ չի կարողանում վերադառնալ Կատարից և բաց կթողնի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականը Կատար էր մեկնել ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։ Հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։ Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան էր վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։
