Մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ

Մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ

10 մարտի 2026 – 10:55 AMT

PanARMENIAN.NetՀՊՄՀ ռեկտորի և պրոռեկտորի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզել է, որ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, կիրառելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում և նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք։

Մասնավորապես, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի տեղեկացվածությամբ, համալսարանի տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է իրեն և ռեկտորին կաշառք փոխանցել՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հյուրերի ընդունում կազմակերպելու, նրանց հանգիստը ապահովելու, ինչպես նաև այդ ծառայությունների դիմաց ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու համար։

Վերոնշյալ պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են կաշառք նաև այն բանի դիմաց, որ տնօրինեն հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարները, ապօրինի ղեկավարեն հիմնադրամի կողմից ստեղծված ՍՊ ընկերությունը և տնօրինեն դրա գործունեությունից ստացված գումարները, համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ նշանակեն այլ պաշտոնների, ինչպես նաև կատարեն մի շարք այլ ապօրինի գործողություններ։

Այս գործողությունների հետևանքով համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 18 միլիոն ՀՀ դրամ։ Բացի դրանից, նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև դեպքեր, երբ ռեկտորն ու պրոռեկտորը իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելով հափշտակել են մոտ 12 միլիոն ՀՀ դրամ։ Արդյունքում համալսարանի հաշվեկշիռ չի մուտքագրվել ընդհանուր մոտ 30 միլիոն ՀՀ դրամ։

Համալսարանի ռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ), ինչպես նաև 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Պրոռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)։

Բացի այդ, համալսարանի ևս 8 աշխատակցի մեղադրանք է ներկայացվելկաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։

Leave a Comment