Վարդևանյան․ Պետք է վերջ տալ վախերին և դադարեցնել Կարապետյանի հետապնդումը

Վարդևանյան․ Պետք է վերջ տալ վախերին և դադարեցնել Կարապետյանի հետապնդումը

10 մարտի 2026 – 11:38 AMT

PanARMENIAN.Net – Պետք չէ խոսել սոցիալական ցանցերում տեսաուղերձների տարածման սահմանափակումների առկայության կամ վերացման մասին, այլ պարզապես պետք է վախերին վերջ տալ և «քաղաքական պրիմիտիվ հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ դադարեցնել կամ առնվաղը խափանման միջոց տնային կալանքը վերացնել», ֆեյսբուքյան եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Հայտարարություններով և կոչերով հանդես գալու արգելք չկա Սամվել Կարապետյանի համար, և եթե վերջինս հեռախոս չունի, կարող է ինքը փոխանցել։

«Պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունն Հայաստանում։ Պարզապես պետք է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չլինեն»,-ասել է նա:

Ըստ փաստաբանի, պարզապես պետք է փոխանցել դատախազության և քննչական մարմինների համապատասխան գրությունները և փաստաթղթերը, որոնք ցույց կտան, որ նման սահմանափակումներ գոյություն չունեն։

«Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է: Նմանատիպ հարցում եմ ուղարկել նաև դատախազություն, սակայն մինչ այժմ պատասխան չեմ ստացել:

Ուենք մի իրավիճակ, որ բոլոր սահմանափակումները պահպանվում են։ Միաժամանակ վստահեցնում եմ, որ դրանք ի վերջո վերացվելու են, քանի որ նման անարդարությունը, իրավունքի նման նսեմացումը չի կարղ լինել երկարատև։ Հայաստանում այսօր կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք, պետք է պարզապես ունենալ խիզախություն՝ վերջ տալ վախերին, դադարեցնել այդ հետապնդումները։ Մեր հասարակությանը համախմբում է անհրաժեշտ, այլ ոչ թե պառակտում»«-ասել է Վարդևանյանը:

Նա նշել է, որ իր պարզաբանումների նպատակն է, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի և չտրվի մանիպուլյացիաների։

Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կշարունակվի: Դեկտեմբերի 30-ին դատարանը մասնակի բավարարել էր գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող ռուսաստանահայ Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

Leave a Comment