Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես քաղաքական ապաստան է շնորհել Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հինգ անդամներին, այդ թվում՝ թիմի ավագ Զահրա Ղանբարիին։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մարզիկները Ասիայի գավաթի խաղարկության մեկնարկին հրաժարվել են կատարել Իրանի պետական օրհներգը՝ ի նշան բողոքի։
Իրանի իշխանություններն այս քայլը որակել են որպես «պատերազմական դավաճանություն», ինչը լուրջ սպառնալիք է ստեղծել ֆուտբոլիստուհիների անվտանգության համար, հատկապես հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված ներկայիս լարված ռազմաքաղաքական իրավիճակը։
Ավստրալիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ մարզիկներին հյուրանոցից դուրս բերելու և իրանցի ուղեկցորդների ու հատուկ ծառայությունների հսկողությունից ազատելու համար։
Պարզվել է, որ թիմի հետ Ավստրալիա ժամանած իրանական կառավարական ներկայացուցիչները խստորեն վերահսկել են ֆուտբոլիստուհիների յուրաքանչյուր քայլը և սահմանափակել նրանց տեղաշարժը։ Այս միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում ռազմական գործողություններն ակտիվացել են, ինչն էլ ավելի է սրել վերաբերմունքը մարզիկների նկատմամբ, որոնք համարձակվել են հրապարակային անհնազանդություն դրսևորել։
Թիմի ավագ Զահրա Ղանբարին նախկինում ևս հայտնվել էր ռեժիմի թիրախում. 2024 թվականին նա ժամանակավորապես որակազրկվել էր այն պատճառով, որ խաղի ժամանակ գոլը նշելիս նրա գլխաշորը պատահաբար սահել էր։
Այս պահին մարզիկները գտնվում են Ավստրալիայի իշխանությունների պաշտպանության ներքո, իսկ իրադարձությունը լայն արձագանք է ստացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
