10 մարտի 2026 – 12:40 AMT
PanARMENIAN.Net – Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան նախկինում էր նախատեսվում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում:
«Կարծում եմ, պատերազմն Իրանում գործնականում ավարտված է: Նրանք չունեն նավատորմ, չունեն կապ, չունե ՌՕՈւ»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ ու Իսրայելը դեռևս «բավականաչափ չեն հաղթել», հայտնում է Deutsche Welle-ն:
Ավելի ուշ Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը բացասական է պատասխանել լրագրողի հարցին՝ արդյոք պատերազմը կավարտվի ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Նա միայն նշել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով», սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։ Նրա խոսքով՝ պատերազմի ամենամեծ վտանգը անցել է երեք օր առաջ։
CBS-ին տված հարցազրույցում Թրամփը ընդգծել է, որ Իրանի հրթիռները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ անօդաչու սարքերն ու դրանց արտադրության գործարանները շարքից դուրս են բերվել։
Թրամփն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցին։ Նրա խոսքով՝ միջազգային նավագնացության համար կարևոր այս ուղին, որի նկատմամբ մի քանի օր առաջ Թեհրանը հայտարարել էր լիակատար վերահսկողություն, այժմ բաց է, և նավագնացությունը շարունակվում է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ մտածում է այն տարբերակի մասին, որ Վաշինգտոնն իր հսկողությունը հաստատի նեղուցում:
Մինչ այդ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պահանջել է արաբական և եվրոպական այն երկրներից, որոնք ցանկանում են ստանալ նավերի ազատ անցման իրավունք Հորմուզի նեղուցով, արտաքսել Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպաններին։
Թրամփը նաև հայտարարել է, որ հիասթափված է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի նշանակմամբ՝ նրան անվանելով «նախկին խնդիրների լրացուցիչ չափաբաժին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ասել էր, որ Իրանի նոր առաջնորդը պետք է ստանա Վաշինգտոնի հավանությունը, հակառակ դեպքում «երկար չի դիմանա»:
Թրամփի հայտարարություններից հետո, որոնք վերաբերում էին Իրանի հետ պատերազմի հնարավոր շուտ ավարտին, նավթի գները կտրուկ նվազել են։ Մարտի 9-ի երեկոյան Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի համար 89.20 դոլարi, մինչդեռ մեկ օր առաջ այն ժամանակավորապես գերազանցել էր 120 դոլարը։
Նավթի գների հետագա նվազման նպատակով Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես չեղարկել նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ, սակայն նա չի հստակեցրել, թե որ երկրների նկատմամբ կարող է կիրառվել այդ քայլը։
Երեք օր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել էր, որ Վաշինգտոնը քննարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը՝ այն նավթի համար, որը արդեն բեռնված է տանկերների վրա։ Նույն օրը ԱՄՆ-ը 30 օրով ազատել էր հնդկական նավթավերամշակող գործարաններին ռուսական նավթի գնման արգելքից:
Ֆլորիդայի Դորալ քաղաքում անցկացված մամուլի ասուլիսից քիչ առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և լրագրողներին ասել է, որ դա եղել է «դրական խոսակցություն»:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Իրանում հակամարտության հնարավոր արագ կարգավորման տարբերակներ։
Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեմաները եղել են ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։
Կրեմլի տվյալներով՝ Պուտինը դրական է գնահատել Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի և անձամբ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը։ Նշվել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ, տևել է մոտ մեկ ժամ և ունեցել է «գործնական, բաց և կառուցողական բնույթ»։
Ուշակովի խոսքով՝ սա Պուտինի և Թրամփի առաջին հեռախոսազրույցն է 2025 թվականի դեկտեմբերից հետո։ Զրույցի ընթացքում Թրամփը հետաքրքրվածություն է հայտնել Ուկրաինայում հնարավորինս արագ հրադադար հաստատելու և «երկարաժամկետ կարգավորման հասնելու» հարցում։
Վաշինգտոնում այս հեռախոսազրույցը դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել։
Թրամփը հայտարարել է, որ Իրանում ամերիկյան ցամաքային զորքեր մտցնելու մասին որոշումը դեռ չի քննարկվում։ Այդ մասին նա ասել է մարտի 9-ին New York Post թերթին տված հարցազրույցում։
«Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ: Մենք դեռևս շատ հեռու ենք դրանից»,-ասել է նա՝ մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ստորաբաժանումներ տեղակայելու հնարավորությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի տարածքի նկատմամբ հարվածներ սկսել են փետրվարի 28-ի առավոտյան։ Ի պատասխան՝ Իրանը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին և Մերձավոր Արևելքի այն երկրներին, որոնք տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներն են։ Թեհրանը հայտարարել է, որ հարվածների թիրախը եղել են այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաները։ Պատերազմի սկզբից ի վեր Իրանում զոհվել են ութ ամերիկացի զինծառայողներ։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության արդյունքում սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրա իրավահաջորդը դարձել է որդին՝ Մոջթաբա Խամենեին։
Մարտի սկզբին Իսրայելը նաև հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող թիրախներին, որտեղ գործում է Իրանի աջակցությունը ստացող «Հեզբոլլահ» խմբավորումը։ Այն համարվում է Թեհրանի գլխավոր դաշնակիցներից մեկը տարածաշրջանում և Իսրայելի սահմանների մոտ ունի հրթիռային զգալի զինանոց։