
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ամերիկյան PBS հեռուստաընկերության News Hour ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իր երկրի վրա իրականացված հարձակումներից հետո Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման հարցը, հավանաբար, այլեւս օրակարգում չէ։
Նա նշել է, որ փետրվարին Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ «ամերիկացիները հայտարարում էին, որ հարձակվելու մտադրություն չունեն», սակայն հակառակ դրան, ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին։
«Մենք ամերիկացիների հետ շփման շատ դառը փորձ ունենք։ … Այդ պատճառով կարծում եմ, որ ամերիկացիների հետ բանակցություններն այլեւս չեն լինի օրակարգում»,- ասել է նա։
Արաղչին նաեւ մեղադրել է Վաշինգտոնին եւ Թել Ավիվին նավթի գների աճի մեջ եւ հայտարարել, որ այլ երկրների տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող հարվածներով, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցի վերաբերյալ որոշումներով Թեհրանը պարզապես պաշտպանվում է ագրեսիայից։