ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Զրույցը կենտրոնացած էր Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինայում կարգավորման բանակցությունների շուրջ։ Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները բովանդակալից և օգտակար մտքեր են փոխանակել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Պուտինն իր տեսակետներն է ներկայացրել՝ ուղղված Իրանում հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։
ՌԴ նախագահը դրական է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերը Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր»,- նշել է Ուշակովը։