«Կանայք ավելի դուխով են», «շատ երեխաներ», «մտքի խաղաղություն». հարցում՝ կանանց միամսյակի առթիվ

Մարտի 8-ից Հայաստանում մեկնարկում է կանանց միամսյակը: Տարվա այս մեկ ամիսը, որը տևում է մինչև ապրիլի 7-ը, հայկական օրացույցում վերածվել է գեղեցկության, սիրո, մայրության և մեծարման խտացված ժամանակահատվածի:

Ըստ վերջին՝ 2022թ․ մարդահամարի՝ ՀՀ բնակչության ավելի քան 53%-ը կանայք են։ Կանանց միամսյակի ընդունմամբ՝ պետությունը նպատակ ունի հավասարապես կարևորել կնոջ դերն ընտանիքում, հասարակական կյանքում և պետականաշինության գործընթացում։

Կանանց միամսյակի ընթացքում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հնչում։ Սակայն դրա իրական նշանակությունը, նախևառաջ, կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունն ու իրավահավասարությունն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կարճ ասած՝ միամսյակը ոչ թե կնոջը մեկ ամսով արտոնություններ տալու կամ պարզապես շնորհավորելու, այլ տարվա բոլոր օրերին նրա իրավունքներն ու արժանապատվությունը հարգելու կարևորության մասին է։

Հայ տղամարդկանց համար միամսյակը հաճախ կես լուրջ-կես կատակ՝ վերածվում է «բարի կամքի դրսևորման» շրջանի, երբ նրանք առավել մեծ պատասխանատվությամբ ու սիրով են փորձում գնահատել կանանց։

Armenia Today-ը մայրաքաղաքում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե տղամարդիկ ի՞նչ բարեմաղթանքներ են հղում կանանց։

Հարցված տղամարդկանցից մեկն ասել է, որ եթե տղամարդիկ կանանց նման «դուխով լինեին», ազգն ավելի լավ վիճակում կլիներ:

«Հիմա մեր կանայք ավելի դուխով են, քան տղամարդիկ. տղամարդիկ խեղճացած են»,- ասել է քաղաքացին:

Մեկ այլ տղամարդ էլ նկատել է, որ վերջին 20 տարում հայ կանայք շատ բարեկեցիկ կյանքով են ապրում:

«Կանայք փող ունեն, բնակարան, մեքենա, սեր, շրջագայում են. արդեն 20 տարի է` կանայք ամեն ինչ ունեն»,- ասել է հարցման մասնակցած մի տղամարդ:

Կանանց բացի սեր, առողջություն, հաջողություն մաղթելուց՝ տղամարդիկ նաև ցանկանում են, որ նրանք շատ երեխաներ ունենան և ապագայի լավ քաղաքացիներ դաստիարակեն:

«Թող կանայք շատ երեխաներ ունենան, որպեսզի ազգի աճն ապահովեն»,- այսպիսի ցանկություն է հայտնել հարցմանը մասնակցած քաղաքացին:

Իսկ հենց իրենք` կանայք, նախ առողջություն են միմյանց մաղթում, ապա գեղեցկություն, սեր, և համերաշխություն` յուրաքանչյուր ընտանիքում:

Որոշ կանայք միմյանց մտքի խաղաղություն են մաղթել, մյուսներն էլ՝ աշխարհին խաղաղություն:

«Եթե միտքդ խաղաղ չէ, ուրեմն դու ուրախ չես»,- այպես է ասել մի կին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment