Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։
Փաշինյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։
Նա կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։
Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ առցանց հանդիպմանը մասնակցել են նաև Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Օմանի ղեկավարները։
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն տասներորդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:
