Նոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գարնանն Առաջին ալիքը խոստանում է լինել աննախադեպ և շատ հետաքրքիր։ Եթերում լինելու են մասշտաբային նախագծեր, նոր մեկնաբանմամբ վերադառնալու են նաև ծանոթ ու սիրելի հաղորդումները։ 

Բազմաժանր հեռուստախաղեր, երաժշտություն, նորաձևություն և ոճ, արտասահմանյան և սեփական արտադրության ֆիլմեր, քաղաքական-վերլուծական հաղորդումներ:

Tert.am Life-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյան-ը նշեց, որ գարնանը եթերը լի կլինի նոր և արդեն սիրված նախագծերով.

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ժամանակակից ձևաչափերին և բազմազանությանը, որպեսզի մեր հեռուստադիտողները յուրաքանչյուր օր ինչ-որ նոր բան գտնեն»։ Սպասվող ամենախոշոր նախագիծը ինտելեկտուալ հեռուստախաղն է՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը կիրականացվի Sony Pictures Entertainment-ի հետ համագործակցությամբ: Մրցանակային ֆոնդը այս տարի բացառիկ է՝ 10 միլիոն դրամ: Հաղորդմանը մասնակցելու համար հայտագրումն արդեն բաց է և կտևի մինչև մարտի 20-ը։

«Մրցաշարն այս տարի բացառիկ է ոչ միայն մրցանակային ֆոնդով, այլ նաև ինտելեկտուալ հարցերի բարձր մակարդակով։ Մենք ցանկանում ենք, որ այն լինի բոլորի համար հետաքրքիր»,- հավելեց Լուսինե Թորոսյանը:

Նոր եթերաշրջանում կհայտնվեն նաև երաժշտական ժամանցային «Նոտա-նոտա» նախագիծը, որը կվարի Արսեն Գրիգորյան, և կներկայացնի նոր խաղեր ու ինտերակտիվ մթնոլորտ:

«Շապիկին» հաղորդումը կվարի Լուսինե Թովմասյանը, որտեղ կներկայացվեն կանանց թեմաները, նորաձևությունը և զրույցներ հայտնի հյուրերի հետ:

Հեռուստաեթերը կհարստացնեն «Դեպքի վայրում»՝ դետեկտիվ ժանրի ժամանցային խաղը, որտեղ հյուրերը կփորձեն բացահայտել խորհրդավոր դեպքերը և հանցագործություններ:  Ավելի մեծ մասշտաբով եթեր է վերադառնում «Առաջին ստուդիա» երաժշտական նախագիծը՝ նոր կատարումներով և մեկնաբանություններով, առաջին հեռուստափոդքաստը՝ «Մյուս կողմից», մոտիվացիոն «Դու կարող ես» հաղորդաշարը, Հրաչուհի Ութմազյանի՝ «Հանդիպում առաջինում» հաղորդաշարը՝ նոր ձևաչափով, ինչպես նաև «Կարևոր գործ» նախագիծը, որը  կբացահայտի ու կներկայացնի հասարակությանը աննկատ, բայց կարևոր մասնագիտություններ: 

«Նոր նախագծերը ստեղծված են այնպես, որ ամենատարբեր խմբերի համար հետաքրքիր լինեն՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Կան սպորտային, մշակութային, երաժշտական, դետեկտիվ և մոտիվացիոն նախագծեր, որոնք հեռուստադիտողներին կպարգևեն ոչ միայն ժամանց, այլ նաև օգտակար տեղեկատվություն»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Թորոսյանը:

Հեռուստադիտողները կտեսնեն նաև սպորտային կարևոր հեռարձակումներ՝ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային հանդիպումները:

Նրա խոսքով՝ «Դեպի դասական Եվրատեսիլ»-ը կլինի մարտ ամսին, իսկ մինչև հունիս նոր հաղորդմամբ «Դասական Եվրատեսիլ. Ետնաբեմ» կտեսնենք ամբողջ նախապատրաստական ընթացքը: 

Հունիսի 6-ին Հայաստանը կհյուրընկալի  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որի ընթացքը կներկայացվի առանձին հաղորդմամբ՝ ցույց տալով Հայաստանի պատվիրակի նախապատրաստական փուլերն ու Հանրային հեռուստաընկերության կազմակեպչական նախապատրաստական աշխատանքները:

Ամփոփելով՝ Լուսինե Թորոսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանը հեռուստադիտողներին խոստանում է նոր, բազմազան, ժամանցային և կրթական բովանդակություն, ինչպես նաև սիրելի հաղորդումների վերադարձ նոր ձևաչափերով:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment