«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը մերժելու և տնային կալանքն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը հաստատում է գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։
Նրա խոսքով՝ մերժելով վերացնել այս աբսուրդային սահմանափակումները՝ դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը։
«Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի միջոցով իրականացվող հետապնդում է՝ Մայր Աթոռը պաշտպանող հանրային խոսքի համար»,- շեշտել է փաստաբանը։
Ամստերդամը հավելել է, որ շարունակելու են հետևողականորեն ներկայացնել այս անօրինականությունների փաստերը միջազգային հանրությանը, մինչև չդադարեցվի Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը և չվերականգնվի արդարությունը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:
