
Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային մարտկոցներից մի քանիսը վերաբաշխվել են Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է հարավկորեական TV Chosun հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Օսանի ամերիկյան ավիաբազայում նկատվել է C-5 Super Galaxy գերծանր ռազմավարական տրանսպորտային ինքնաթիռ, որը կարող է տեղափոխել մինչև 127 տոննա բեռ։ Նման ինքնաթիռները սովորաբար օգտագործվում են խոշոր հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Patriot արձակման համակարգեր և THAAD տարրեր տեղափոխելու համար։
«Մեր տեղեկությունների համաձայն՝ Patriot-ի որոշ մարտկոցներ արդեն վերաբաշխվել են Մերձավոր Արևելքում։ Որքանով մենք գիտենք, Սոնգջու բազայից THAAD-ի որոշ ուժեր նույնպես մասնակցել են վերաբաշխմանը»,- TV Chosun-ին ասել է ռազմական անվտանգության իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Հեռուստաալիքի հարցմանն ի պատասխան՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել հակաօդային պաշտպանության համակարգերի տեղաշարժի մասին տեղեկատվությունը և ընդգծել է, որ կենտրոնացած է Կորեական թերակղզում մարտական պատրաստվածության պահպանման վրա։
Հարավկորեական զինվորականները նշել են դաշնակիցների պաշտպանության դիմադրողականությունը։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Ջոնգ Բիտ-նան հայտարարել է, որ Սեուլը և Վաշինգթոնը «մշտապես սերտ համագործակցություն են պահպանում՝ անվտանգության ոլորտում ցանկացած բացթողում կանխելու համար»։
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, Patriot համակարգերի մի մասի հնարավոր տեղակայումն էական ազդեցություն չի ունենա երկրի պաշտպանության վրա։