Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ ընթանում է Իրանի դեմ պատերազմը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը։ Ի՞նչ հետևություններ կարելի է անել։
– Տարածաշրջանային պատերազմ է, որը պայմանավորված չէ միայն Իսրայելի անվտանգային խնդիրներով։ ԱՄՆ-ն Վենեսուելայի գործողությունից և Ուկրաինայի (հավանաբար նկատի ունեք Ուկրաինայի կամ Գրենլանդիայի*) խնդիրներից հետո հիմա Իրանի ուղղությամբ հարցեր է լուծում։ Կարծում եմ՝ գործընթացները պետք է դիտարկել Չինաստանի հետ տնտեսական պատերազմի համատեքստում։
– Իրանում նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդին։ Տեղի ունեցածն ինչպե՞ս կանդրադառնա հակամարտության հետագա ընթացքի վրա։
– Նույն վարքագիծն առայժմ շարունակվելու է։ Ակնարկներ կան, որ Ժնևում կարող են բանակցություններ սկսվել․ դա չի նշանակում, որ ռազմական բախումները կընդհատվեն։ Այս պատերազմը նախորդներից տարբերվում է շրջանայնությամբ և արմատական լուծումների հանգելու ուղղություններով։
– Ո՞րն էր հակամարտության պատճառը՝ Իրանի՝ միջուկային զենք ունենալու ձգտո՞ւմը, ինչպես ներկայացնում է Թրամփը, թե՞ այլ պատճառ։
– Միջուկայինն, իհարկե, լուրջ խնդիր է, սակայն այն լիարժեք օգտագործվում է Իրանի կողմից՝ տնտեսական նշանակություն ունեցող, հատկապես էներգետիկ համակարգն ու ամբողջ էներգակիրների առևտուրը վերահսկողության տակ առնելու համար։ ԱՄՆ-ն չի թողնում, որ Չինաստանը, Վաշինգտոնը շրջանցելով, տնտեսական կայսրություն հաստատի։
– Արդյո՞ք այս հակամարտությունը կարող է ավելի ծավալվել՝ հաշվի առնելով, որ Իրանը հարվածներ է հասցնում նաև հարևան այլ երկրներում գտնվող ԱՄՆ բազաներին։
– Ամեն ինչ կախված է ԱՄՆ-ի հետ հակամարտությունից կամ համաձայնությունից։ Մնացյալ բոլոր երկրները, ներառյալ Լիբանանը, ածանցյալ են՝ պրոքսի կետեր։
– Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանում իսլամական խմբերի վրա։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Իսրայելը, նախորդ պատերազմական փուլերի նման, հարվածում է պաղեստինյան խմբավորումներին և հարավում գտնվող իսլամական տարբեր խմբերին։ Այն ամենին, ինչն իր անվտանգության համար սպառնալիք է համարում, հարվածում է։ Իսրայելի նպատակն անվտանգության գոտի ստեղծելն է։
– Հակամարտությունը դադարեցնելու մասին Թրամփը հայտարարել է, որ կորոշեն Նեթանյահուի հետ համատեղ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Հեռահար կտրվածքով տեսանելի է Իսրայել-տարածաշրջանային երկրներ համաձայնությունների նախագիծը։ Թրամփն իր պաշտոնավարման առաջին փուլում առաջադրել էր «Աբրահամյան դաշինքը»։ Բայց պատերազմի բուն շարժառիթը, կարծում եմ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային մասշտաբով տնտեսական հեգեմոնիայի հաստատումն է։
– Ինչպե՞ս եք տեսնում հակամարտության ավարտը։
– Շատ բարդ է կանխատեսելը։ Շատ են վերլուծությունները դրա երկարատևության մասին։ Կարծում եմ, սակայն, որ բանակցելու պատուհաններ կսկսեն բացվել։ Իրանը պահանջելու է պատժամիջոցների վերացում և ապաշրջափակում, իսկ ԱՄՆ-ը՝ տնտեսական ռեսուրսների, էներգետիկ համակարգի և հաղորդուղիների վերահսկողություն։ Սա է լինելու, կարծում եմ, փոխջիջման բանաձևը։
Արման Գալոյան
