ԱՄՆ-ն տարհանում է Ադանայում իր հյուպատոսության աշխատակիցների մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ասվում է Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
Ադանայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է բոլոր հյուպատոսական ծառայությունների մատուցումը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն կամ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն:
Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ անվտանգության սպառնալիքի պատճառով ԱՄՆ կառավարության՝ արտակարգ իրավիճակներում չներգրավված աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պետք է լքեն Ադանայի հյուպատոսությունը: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ամերիկացիներին խստորեն խորհուրդ է տրվում լքել տարածաշրջանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան ուժեղացնում է Հյուսիսային Կիպրոսի օդային պաշտպանությունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X-ում հայտարարել էր Հյուսիսային Կիպրոսում վեց F-16 կործանիչների և ՀՕՊ համակարգի տեղակայման մասին:
