9 մարտի 2026 – 17:04 AMT
PanARMENIAN.Net – Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա հավելել է, որ դրանով իշխանությունն ուզում է «դիրքավորվել որպես «անկախականներ», ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող կոմիքսի հերոսներ»:
«Զավեշտ է, որ նման խոսույթով հանդես են գալիս մարդիկ, ում օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, իսկ Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը՝ պատմական մաքսիմումի։
Քաղաքական դերակատար չհանդիսացող անձի մի մասնավոր կարծիքի շուրջ հյուսվող քարոզչական ձնագնդին պետությունը սկցրած ռեժիմի կողմից փրփուրներից կառչելու ողորմելի օպերացիա է։
Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»,-գրել է նա:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մեկնաբանելով Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պետք է դառնա Միութենական պետության մաս, ասել է, որ «նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի»: