HRW-ն Իսրայելին մեղադրել է Լիբանանում սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեջ

HRW-ն Իսրայելին մեղադրել է Լիբանանում սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեջ

9 մարտի 2026 – 16:08 AMT

PanARMENIAN.Net – Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ իսրայելական ուժերը հարավային Լիբանանի մի գյուղի ուղղությամբ «ապօրինաբար» կիրառել են սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր, որը համարվում է վիճահարույց հրկիզող զինամթերք։ Այս մասին գրել է France 24-ը։

Յոթ լուսանկարների աշխարհագրական դիրքի ճշտման և ստուգման միջոցով HRW-ը հայտնել է, որ Իսրայելը հրետանու միջոցով սպիտակ ֆոսֆոր է օգտագործել՝ հարավային Լիբանանի Յոհմոր գյուղի բնակելի թաղամասերին հարվածելիս։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները գյուղի և հարավային Լիբանանի տասնյակ այլ բնակավայրերի բնակիչներին հրահանգել են տարհանվել, հայտնում է Factor.am-ը:

HRW-ը նշել է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել՝ արդյոք տարածքում մնացել են բնակիչներ կամ որևէ մեկը տուժել է։

Իրավապաշտպաններն ընդգծել են, որ միջազգային իրավունքի համաձայն սպիտակ ֆոսֆորի կիրառումն անօրինական է, եթե այն օգտագործվում է բնակեցված տարածքներում։ Այդ քիմիական նյութը կարող է հրդեհել շենքերը և այրել մարդկային մարմինը մինչև ոսկորներ։ Նույնիսկ փոքր այրվածքների դեպքում վերապրածները կարող են բախվել վարակների, ինչպես նաև օրգանների կամ շնչառական անբավարարության վտանգի։

«Իսրայելական զինվորականների կողմից սպիտակ ֆոսֆորի անօրինական օգտագործումը բնակելի տարածքներում չափազանց մտահոգիչ է և ծանր հետևանքներ կունենա քաղաքացիական բնակչության համար»,- ասել է HRW-ի Լիբանանի հարցերով հետազոտող Ռամզի Կաիսը։

Իսրայելական զինվորականները անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Իսրայելը, որը շարունակում է հարվածներ հասցնել լիբանանյան «Հըզբոլլահին», սահմանային շրջաններ է ուղարկել նաև ցամաքային զորքեր։ Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 394 մարդ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ տեղահանվել է։

Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է, որ իսրայելական ուժերը «հրետանային և ֆոսֆորային կրակոցներով» թիրախավորել են Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Խիամ և Թալ Նահաս քաղաքները։

Ավելի վաղ ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Լիբանանի բնակչությանը հասցեագրված Իսրայելի զանգվածային տարհանման հրամանները կարող են դիտվել որպես միջազգային իրավունքի խախտում։

Leave a Comment