ՔՊ-Ն ամեն բան անում է, որ մարդիկ ապատիայի պայմաններում չգան ընտրության, և ինքը կարողանա բավականին բարձր տոկոսներ ստանալ. Հակոբ Ասլանյան

Ինչպե՞ս է այսօր իրեն պահում «Մեր ձևով» շարժումը. այն իրեն ստեղծված իրավիճակին ադեկվատ չի պահում, որովհետև լինելով հաջողակ բիզնեսի ներկայացուցիչներ՝ դեռ չի նշանակում, որ իրենք լավ, ուժեղ քաղաքական գործիչներ են։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։

Ըստ նար՝ «Մեր ձևով»-ի՝ քաղաքական իմաստով պատկերացումները չափազանցված են և ամբիցիոզ։
«Ամբիցիա ունենալը վատ բան չէ, բայց ամբիցիաները կառավարելը շատ կարևոր է։

Ի՞նչ են ուզում իրենք. իրենք ուզում են լինել կինոյի տղեն և դևին իրենք սպանեն։ Մենք ենք դևին սպանողը. միայնակ չեն կարող։ Դևն ուժեղ է. նրա թիկունքին են Արևմուտքն ու ԱՄՆ։ Աջ թևում է կանգնած Էրդողանը, ձախին՝ Ալիևը»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ շեշտելով, որ եթե ընդդիմադիր ճակատ չձևավորվի, Նիկոլ Փաշինյանը 70 տոկոս քվե է հավաքելու։

Ըստ պատգամավորի՝ եթե այդ ճակատի ներկայացուցիչներն իրեն և իր գործընկեր Հակոբ Ասլանյանին ընկալեն որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, իրենք պատրաստ են առհասարակ չմասնակցել առաջիկա ընտրություններին։

Միաժամանակ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց կոնկրետացնել, թե այս պահին որ քաղաքական ուժերի հետ են բանակցություններ վարում՝ միայն նշելով, որ ․բանակցություններ չեն վարում «Մեր ձևով»-ի, «Հայաստան» դաշինքի, Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ի և Արման Թաթոյանի հետ։
Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր հերթին հավելեց՝ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրապայքարից չհանի «Մեր ձևով»-ին, վերջինս կարող է մինչև 30-35 տոկոս ձայներ հավաքել։

«Որովհետև այսօրվա իշխանություններն ամեն բան անում են, որ մարդիկ ապատիայի պայմաններում չգան ընտրության, և ՔՊ-ն իր ռեսուրսներով կարողանա բավականին բարձր տոկոսներ ստանալ։ Այդ դեպքում «Մեր ձևով»-ը հաղթելու հանրավորություն չունի, և ՔՊ-ն թույլ էլ չի տա»,- ասաց բանախոսը։

Հակոբ Ասլանյանը հայտարարեց՝ իր հաշվարկներով, եթե ընտրություններին 1 միլիոնից մի քիչ ավելի մարդ մասնակցի, ՔՊ-ն կհավաքի հազիվ 30-35 տոկոս ձայներ, իսկ եթե ընտրություններին մասնակցի 1,5 միլիոն մարդ՝ 25 տոկոս։

«Իսկ եթե ընտրության գա ընդամենը 700-800 հազար մարդ, ՔՊ-ն կանցնի 50 տոկոսը։

«Մեր ձևով»-ը քաղաքական լուրջ մոտեցումներ չունի։ ՔՊ-ն կուկուռուզ-պերազշկի ուտելով է առաջ գնում, «Մեր ձևով»-ն էլ մեքենաների վրա կպցրել է խոստումներ, որոնք այնքան էլ իրական չեն, և ընդամենը ժողովրդի ականջի համար են ընդունելի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում 300 աշխատատեղը։ Տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ամենաշատը կարելի է 140-145 հազար աշխատատեղ ստեղծել։ «Մեր ձևով»-ը չի պատկերացնում, թե ինչ խառնաշփոթ վիճակ կառաջացնի փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը։ Չի ակրելի ասել բաներ, որոնք մարդկանց ականջներին հաճելի են, բայց իրականության մեջ՝ խաբկանք»,- ասաց Ասլանյանը։

Ամփոփելով՝ նա շեշտեց՝ իրենք երբեք չեն համագործակցի ՔՊ-ի հետ, որովհետև վերջինս այնքան է հեռացել հեղափոխական արժեքներից և խրվել իր խաբկանքների մեջ, որ ինքն ու Հովիկ Աղազարյանը չեն կարող ՔՊ-ի հետ համագործակցել։

Leave a Comment