Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իրանցի դիվանագետների անունից, հավատարմության երդում է տվել նոր Գերագույն առաջնորդին։
Նա շնորհավորել է այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին երրորդ Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և նշել, որ դիվանագետները կշարունակեն պաշտպանել Իրանի ազգի շահերն ու անվտանգությունը։
«Մենք խոստանում ենք ոչ մի պահ չնահանջել Իրանի մեծ ժողովրդի իրավունքների պաշտպանության, ազգային շահերի և անվտանգության առաջխաղացման, ինչպես նաև Իսլամական հեղափոխության վեհ նպատակներին հասնելու գործում»,- գրել է Արաղչին։
Հատկանշական է, որ ըստ իսրայելական զլմ-ների՝ Իրանի պետական հեռուստատեսությունը, երբ հաղորդում է Մոջթաբա Խամենեիի մասին որպես գերագույն առաջնորդ, նրան ներկայացնում է պատերազմում վիրավորված։
Հաղորդավարները կարդում են հաղորդագրություններ, որոնցում նրան նկարագրում են որպես «ջանբազ» կամ թշնամու կողմից վիրավորված «Ռամադանի պատերազմում», ինչպես Իրանի լրատվամիջոցներն են անվանում ներկայիս հակամարտությունը։
