Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ, ինչպես նաև վերջ դնել Հորմուզի նեղուցի «դե ֆակտո արգելափակմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին Մակրոնը գրել է X հարթակի իր էջում։
Նա շեշտել է Ֆրանսիայի դիրքորոշումն այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։
Մակրոնը նաև հայտնել է, որ խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև «տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող գործողությունների առնչությամբ, որոնք ներկայիս ճգնաժամի հիմնական գործոններն են»։
Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: