Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին․ Գարեգին Բ-ն կարևորել է կանանց դերը երկրի ամրապնդման գործում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով կանանց դերը հասարակության և երկրի զարգացման գործում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Իր ելույթում նա նշել է, այսօրվա անկայուն աշխարհում, երբ հայ ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին։

«Այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար», – ասվում է Կաթողիկոսի շնորհավորանքում։

Նա շեշտել է նաև կանանց ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։

Կաթողիկոսը մաղթել է, որ Աստված խաղաղություն պարգևի Հայաստանին և Իր օրհնության ներքո պահի հայ ժողովրդի մայրերին ու քույրերին, որպեսզի նրանք հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։​

Leave a Comment