
Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված կանանց տոների մեկամսյակին։ Այն նպատակ ունի արժևորելու երևանցի կնոջ դերը քաղաքի պատմության, մշակույթի, կրթական ու հասարակական կյանքի ձևավորման և զարգացման գործընթացում՝ ներկայացնելով նրա կերպարը ժամանակի մեջ։


Ցուցադրության հիմքում Երևանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ընդգրկում են 19-րդ դարից մինչև մեր օրերը։

Այս վավերագրական պատկերները ներկայացնում են տարբեր սոցիալական շերտերի կանանց՝ մտավորականների, արվեստագետների, արտադրությունում աշխատողների:

Լուսանկարներում ավանդական տարազով հայ կանայք են ազգային ինքնության կրողները, ինչպես նաև ընդգծված է հայ մոր կերպարը՝ որպես օջախի պահապանի:


Խորհրդային շրջանի լուսանկարները ներկայացնում են կրթված, մասնագիտացված կնոջ կերպարն, ով արդեն լիիրավ մասնակցում է քաղաքի տնտեսական ու մշակութային զարգացմանը։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից բացառիկ լուսանկարներ, ժամանակակից լուսանկարիչներ Էմմա Մարաշլյանի, Սերժ Դավիդովի (Երևան-Երևանցիներ հարթակ), և կոլեկցիոներ Ռոբերտ Հակոբյանի աշխատանքները:


Լուսանկարիչների տեսախցկներից երևանցի կինը ներկայանում է՝ որպես ժամանակակից, ինքնավստահ և ստեղծարար անհատ:



Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը: