Արևմուտքը կփորձի խափանել Սամվել Կարապետյանի հաղթանակը. Լևոն Տեր-Պետրոսյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հնարավոր հաղթանակն Արևմուտքի կողմից կարող է դիտարկվել որպես Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատում, ինչը չի բխում արևմտյան տերությունների հեռահար հաշիվներից, հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սոցցանցային իր էջում։

«Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին»,- նշել է առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արևմտյան երկրներն են, այլ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքի ոճին՝ նա նշել է, որ ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ անկախության շրջանում սեռական հայհոյախոսությունը որպես երևույթ գոյություն չի ունեցել, և դա Փաշինյանի թիմի «ավանդապաշտ հայ ազգին պատիվ չբերող և խայտառակ նորամուծությունն է»:

Եկեղեցու նկատմամբ քրեական հետապնդումների առնչությամբ Տեր-Պետրոսյանը նշել է, որ դատական մարմինները գործում են «բռնապետի հրահանգով»՝ չգիտակցելով, որ իշխանափոխությունից հետո իրենք կարող են հայտնվել դատապարտյալների աթոռներին:

Նախկին նախագահը մարտի 2-ին տված հայտարարել էր, որ բարձր է գնահատում Սամվել Կարապետյանի հնարավորություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Նրա խոսքով՝ Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

Leave a Comment