Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու (15-ը դեսպանությունից, 39-ը հյուպատոսությունից) անվճար տեղափոխումն Օման:
ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացումը և տեղափոխումը Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր՝ մարտի 8-ին, ուշ երեկոյան:
Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի:
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Ռազմական գործողություններից մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։
Կարդացեք նաև՝
