Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը որևէ խնդիր չունի Ադրբեջանի հետ, սակայն եթե Ադրբեջանի տարածքից որևէ հարված լինի Իրանի ուղղությամբ, Թեհրանը կձեռնարկի համապատասխան միջոցներ, փոխանցում է РИА новости-ն։
«Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե (Ադրբեջանում) որևէ դավադրություն հայտնաբերվի (Իրանի դեմ – խմբ.) կամ այնտեղից ինչ-որ բան թռչի Իրանի ուղղությամբ, մենք միջոցներ կձեռնարկենք», – ասել է Լարիջանին:
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 5-ին հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։
Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։ Մարտի 7-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։
