Պետությունը ներդնում է անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի աշխատող կանայք կարողանան համատեղել մայրությունն ու մասնագիտական գործունեությունը․ Արսեն Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Ձեր ներուժը մեր պետության զարգացման ամենահզոր շարժիչ ուժերից մեկն է․ Ձեր գիտելիքը, ստեղծարար միտքը և առաջնորդական կարողությունները ոչ միայն հարստացնում են հասարակական կյանքի տարբեր ոլորտները, այլև նշանակալի դեր ունեն մեր երկրի կայուն զարգացման գործում։

Այսօր պետությունը հետևողական քաղաքականություն է իրականացնում կանանց համար հավասար հնարավորությունների ապահովման և նրանց տնտեսական հզորացման ուղղություններով։ Մեր նպատակը միայն աջակցություն ցուցաբերելը չէ, այլ այնպիսի միջավայր և հնարավորություններ ստեղծելը, որտեղ յուրաքանչյուր կին կկարողանա լիարժեք իրացնել իր ներուժը, դուրս գալ խոցելիության շրջանակից և դառնալ տնտեսապես անկախ՝ ձեռք բերելով նոր հմտություններ, ունենալով կայուն եկամուտ և ամրապնդելով իր տեղը աշխատաշուկայում։

Պետության կարևորագույն առաջնահերթություններից է նաև կանանց նկատմամբ բռնությունից զերծ միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր կին իրեն լիարժեք ապահով ու պաշտպանված կզգա։ Ոլորտային քաղաքականության վերջնական նպատակը հենց սա է՝ ունենալ հարգանքի, հավասարության և մարդու արժանապատվության անխախտ պաշտպանության վրա հիմնված հասարակական հարաբերություններ:

Պետությունը շարունակաբար ներդնում է անհրաժեշտ գործիքակազմ և իրականացնում նպատակային քաղաքականություններ, որպեսզի աշխատող կանայք կարողանան արդյունավետորեն համատեղել մայրությունն ու մասնագիտական գործունեությունը՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և հնարավորություններ։ Միաժամանակ շարունակվում են հետևողական քայլերը, որոնք ուղղված են կանանց կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, անկախ կյանքի հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցության բարձրացմանը։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
վստահ եմ, որ Ձեր գիտելիքը և նախաձեռնողականությունը շարունակելու են կարևոր ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։

Leave a Comment