
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանում նոր Գերագույն առաջնորդը կարող է ընտրվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Գործակալության փոխանցմամբ՝ այաթոլլահ Հոսեյն Մոզաֆարին հայտնել է, որ մեծ հույս ունի, որ Փորձագետների ժողովը կգումարվի առաջիկա մեկ օրվա ընթացքում և կընտրի երկրի նոր առաջնորդին։
Փորձագետների ժողովը 88 կրոնական գիտնականներից կազմված մարմին է, որի հիմնական լիազորությունն է ընտրել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդին։
Շաբաթ օրը իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու բարձրաստիճան այաթոլլաներ կոչ են արել հնարավորինս շուտ գումարել Փորձագետների ժողովի նիստը՝ նոր առաջնորդ ընտրելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախկին Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է անցյալ շաբաթ՝ փետրվարի 28-ին, Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածներից մեկի ժամանակ։