Մարտի 7-ի դրությամբ Թաիլանդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ Պեկին) տվյալներ ունի այնտեղ զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների մասին, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման օրերին, դեսպանության հետ կապ հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել էր 72։
Մարտի 6-ին նրանցից 16-ը արդեն լքել են Թաիլանդը՝ Չինաստանի տարածքով Հայաստան վերադառնալու նպատակով։
Դեսպանության փոխանցմամբ՝ մեկ քաղաքացի արդեն ձեռք է բերել մարտի 13-ին նախատեսված Բանգկոկ-Շենժեն-Ուրումչի-Երևան երթուղու ավիատոմս։
Նշվում է, որ մյուս քաղաքացիները ևս դիտարկում են այս տարբերակով Հայաստան վերադառնալու հնարավորությունը։ ՀՀ դեսպանությունը և Բանգկոկում տեղակայված ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը կապի մեջ են թաիլանդական իշխանությունների հետ՝ պարզելու համար, թե թռիչքների չեղարկման հետևանքով զբոսաշրջիկներին ինչպիսի աջակցություն կարող է տրամադրվել և ինչ մեխանիզմներով։
Այդ մասին տեղեկատվությունը փոխանցվում է նաև Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Միաժամանակ տարբեր ավիաընկերությունների հետ քննարկվում են ՀՀ քաղաքացիների հնարավորինս արագ և հարմար տեղափոխման կազմակերպման տարբերակները։
Դեսպանությունն ու պատվո հյուպատոսի գրասենյակը շարունակում են մշտական կապի մեջ մնալ Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց Հայաստան վերադարձի կազմակերպման հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։