
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Մարտի 7-ի դրությամբ Թաիլանդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ ք. Պեկին) ունի Թաիլանդում շբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են:
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ավելի վաղ օրերին ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիների թիվը 72 էր, մարտի 6-ին նրանցից 16-ն արդեն լքել են Թաիլանդի տարածքը՝ Չինաստանի տարածքով Հայաստան վերադառնալու նպատակով։
Մեկ քաղաքացի արդեն իսկ ձեռք է բերել մարտի 13-ի՝ Բանգկոկ-Շենժեն-Ուրումչի-Երևան երթուղու տոմս, այլ քաղաքացիներ ևս դիտարկում են այս տարբերակը։
❕ ՀՀ դեսպանությունը և Բանգկոկում տեղակայված ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը կապի մեջ են թաիլանդական իշխանությունների հետ՝ նրանց կողմից թռիչքների չեղարկման հետևանքով զբոսաշրջիկներին տրամադրվելիք աջակցության չափը և մեխանիզմները հստակեցնելու և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ քաղաքացիներին փոխանցելու նպատակով։
Միաժամանակ, տարբեր ավիաընկերությունների հետ քննարկվում են ՀՀ քաղաքացիների հնարավորինս հարմար և արագ տեղափոխման կազմակերպման հնարավորությունները։
Դեսպանությունը և պատվո հյուպատոսի գրասենյակը մշտական կապի մեջ է Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց Հայաստան վերադարձի կազմակերպման հարցում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով»։