Շիրակի մարզում նախատեսվում է միավորել 48 դպրոց — Հայաստանի Հանրային Ռադիո

2018-2025 թվականներին, ըստ պաշտոնական տվյալների, Շիրակի մարզում դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Հիմնանորոգվել և հիմնանորոգվում է 68, կառուցվել և կառուցվում է 17 դպրոց: Կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը 35 միլիարդ 165 միլիոն դրամ է:

Ազատան գյուղի նորակառույց դպրոցում տեղի է ունեցել Շիրակի մարզպետի խորհրդակցությունը մարզի դպրոցների տնօրենների և վարչատնտեսական գծով պատասխանատուների հետ։ Դպրոցաշինական առաջիկա ծրագրերի բացի, քննարկվել են նաև դպրոցների առաջիկայում սպասվող միավորումները, դրամահավաքության հնարավոր դեպքերը կանխելու անհրաժեշտությունը և կրթական ոլորտում առկա այլ հարցեր:

Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 145 հիմնական ու միջնակարգ դպրոց։ Մարզի ևս 13 ավագ դպրոց ԿԳՄՍ նախարարության ենթակայության է: Սակայն շատ դպրոցների շենքային պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Հեռավոր գյուղական մի քանի դպրոցներ չունեն մարզադահլիճներ, կահավորված լաբորատորիաներ ու նույնիսկ սանհանգույցներ: Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների միավորման ծրագիրը միտված է կրթության որակի բարձրացմանն ու շենքային պայմանների բարելավմանը, ասում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Էտ ծրագիրն էլ կրթության առումով էլի կրթության որակի համար է, էլի էրեխեքի շահի համար է: Խնդրում եմ լրատվականներին, որոնք գնում են գյուղ, ծնողներին նկարահանում են, թե մեր դպրոցը փակվում է, թողնեն ծնողներին, մտնեն դպրոց: Շենքային պայմանները, էրեխեքի քանակը: Դպրոց ես մտնում՝ էրեխեն դասարանի մեջ ընդամենը մեկ հոգով է դաս անում, 12 տարի էտ էրեխեն մենակ է դաս անում: Էտ շենքային պայմանները, էտ սպորտային դահլիճները, երաժշտական դահլիճները, էտ լաբորատոր սարքավորումները, էտ ամեն ինչը միտված է էրեխու կրթության շահի համար»։

Շիրակի մարզում նախատեսվում է միավորել 48 դպրոց, որոնք հիմնականում լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերում են: Ամասիայի տարածաշրջանի Գառնառիճ գյուղը ևս ընդգրկված է միավորվող դպրոցների ցանկում: Հեռավոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 33 աշակերտ, գործում է նաև նախակրթարան: Դպրոցում երբեմն մասնակի վերանորոգումներ են արվել, հաջողվել է պահպանել դպրոցի երկհարկանի շենքը: Երեք տասնամյակից ավելի դպրոցը ղեկավարող Նաիրա Աբրահամյանը ասում է՝ չնայած մարզկենտրոնից մոտ 70 կմ հեռավորությանը, մասնագետների խնդիր չունեն, ուսուցիչները Գառնառիճ են հասնում Ամասիայից ու անգամ Գյումրիից:

«Ընդհանրապես, կոմպլեկտավորված դասարաններ չունենք: Նույնիսկ մեկ աշակերտով դասարանը առանձին դաս է անցկացնում, դա կառավարության որոշումն է, նախարարության հրաման է, ունենք բոլոր դասարանները՝ մեկից մինչև տասներկու:

Ունենք բոլոր տեսակի մասնագետները: Դրսից՝ Գյումրիից, Ամասիայից երթևեկող ուսուցիչներ ունենք, այդպիսի առարկա չկա, որ մասնագետ չունենանք: Կերպարվեստի, երաժշտության մասնագետից սկսած բոլոր մասնագետներն ունենք, կամավոր ատեստավորված ուսուցիչ ունենք: Պատմության ուսուցիչը ատեստավորվել է և ստանում է բարձր աշխատավարձ»:

Կրթօջախների միավորման կենտրոնները փոխվել են, հաշվի առնելով ճանապարհների երկարությունն ու հնարավոր դժվարությունները: Ըստ Շիրակի մարզպետի, դպրոցների օպտիմալացումը չի կարող հեռավոր գյուղերի դատարկման կամ արտագաղթի պատճառ դառնալ:

«Մենք շատ գյուղեր ունենք, որոնք դպրոցներ չունեն, չեն էլ ունեցել, կողքի գյուղն են գնացել ու էտ գյուղերը չեն դատարկվել: Եվ երկրորդ օրինակը կարող եմ բերել՝ էտ գյուղում դպրոցը կա ու վստահ եմ, որ 1991 թվականին, երբ որ անկախություն ենք ձեռք բերել, էտ գյուղի բնակչությունը մի քանի անգամ ավել է եղել, քան 2026 թվականին է: Ու դպրոցը, որպես այդպիսին, պահող հանգամանք չի եղել էտ գյուղը չդատարկվելու համար: Կա դպրոցը, բնակչությունը օր-օրի դատարկվում էր էտ գյուղերի: Հիմի բերել ասել, որ դպրոցն է լինելու պատճառ, որ գյուղը դատարկվի, ես էդքան էլ համաձայն չեմ լինի»։

Գյուղը պահողը դպրոցն է, վստահ է Գառնառիճի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Նաիրա Աբրահամյանը կարծում է, որ Ֆինանսական տեսանկյունից դպրոցների օպտիմալացումը կարող է արդյունավետ լինել, բայց հեռավոր բնակավայրերում ներքին արտագաղթի վտանգ ևս կա։ Ըստ Նաիրա Աբրահամյանի, մեծ է հավանականությունը, որ հատկապես երիտասարդ ընտանիքները կհեռանան գյուղից:

«Այո, գյուղը պահողը դպրոցն է, ժամանակն էլ ցույց կտա ու ցույց է տվել, որ իրոք, գյուղը պահողը դպրոցն է: Դե երկրի ֆինանսական վիճակը բարելավելու համար ճիշտ են ինչ-որ տեղ, կրթության բարելավման ծրագիրը կարող է ինչ-որ լավ արդյունք տա, բայց գյուղի պահպանման պարագայում ճիշտ հակառակը կլինի: Արդեն մեր ծնողներից խոսակցություններ կա, որ եթե միանա, 10 կմ Բերդաշեն գնալու փոխարեն, էտ երիտասարդ ընտանիքները կտեղափոխվեն Գյումրի, Էջմիածին ու տարբեր տեղեր ու էդպես կլքեն գյուղը»։

Մինչև դպրոցների միավորումը,պետական միջոցներով կհիմնանորոգվեն ու կասֆալտապատվեն դեպի կենտրոն տանող բոլոր ճանապարհները։ Քննարկվում է նաև աշակերտներին տեղափոխող հարմարավետ տրանսպորտային միջոց հատկացնելու հարցը: Բայց հյուսիսային տարածաշրջանների գյուղերում առատ ձյան ու բքի պայմաններում կլաստերային դպրոց հասնելը աշակերտների համար կարող է խնդիրներ առաջացնել, ասում է Նաիրա Աբրահամյանը:

«Պարտադիր խնդիրը առկա է, յուրաքանչյուր օր ու յուրաքանչյուր ժամ: Նույնիսկ էս պահին անհնար է գյուղից դուրս գալը, արդեն բուքը սկսեց, էդպիսի օր չկա, որ տեխնիկաները վերև չբարձրանան: Երեկ իրիկուն են իջել ներքև, հենց նոր ես ելա վերև, սաստիկ բուքը սկսվել էր, նույնիսկ բախտի բերմամբ ես էտ ճանապարհն անցա, մինչև Բերդաշեն ճանապարհը անանցանելի էր, ճանապարհին արդեն ավտոմեքենաներ էին մնացել:

Էս քանի օր էլ մեր ուսուցիչները ելել են վերև, ներքև չեն իջել, խնդրել էին, ես տեղ եմ տվել, որ գիշերեն, ներքև չիջնեն, որ դասերից հաջորդ օրը չբացակայեն: Աշակերտներն ամեն օր պիտի գնան-գան, և դա իրոք խնդիր է»։

Դպրոցների միավորման արդյունքում կձևավորվեն նոր ՊՈԱԿ-ներ, իսկ մանկավարժները կընտրվեն մրցույթով: Մարզի դպրոցների պատասխանատուների հետ հանդիպմանը մարզպետը հստակ հանձնարարական է տվել՝ բացառել դպրոցներում դրամահավաքության ցանկացած դրսևորում: Տոների կամ այլ առիթներով դրամահավաքություն նախաձեռնողները երբեմն ծնողկոմիտեներն են, նշում է մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Էն երևույթների մասին, որ մենք խոսում ենք, ինքը իրականում շատ աղմկոտ անուն ունի ու իր մեջ կոռուպցիոն պատկերացումներ է տալիս, բայց կարող եմ վստահեցնել, որ մեր մանկավարժները կամ տնօրենները ներգրաված չեն էտ գործընթացի մեջ: Էտ մեր ծնողների սովորույթներն է երկար տարիներից եկած, որ պտի շնորհակալություն հայտնեն մանկավարժին մարտի ութի հետ կապված, ամանորի կամ մանկավարժի ծնունդի հետ կապված: Ես խնդրել եմ մեր տնօրեններին, նաև պահանջել եմ մեր տնօրեններից, որպեսզի զրուցեն ծնողկոմիտեի ղեկավարների, մանկավարժների հետ, որովհետև էտ փոքր նվերը ավելի մեծ հակասություն է առաջացնում, որովհետև ստվեր է գցում մեր մանկավարժների աշխատանքի վրա»:

Մանկավարժների համար բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություններ կան: Մարզի շուրջ 700 ուսուցիչներ կամավոր ատեստավորումից հետո 200 հազարից մինչև 700 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Տարեցտարի կամավոր ատեստավորման մասնակցել ցանկացող մանկավարժների թիվը մարզում ավելանում է:

Leave a Comment