Թրամփն «անվերապահ կապիտուլացիա» է պահանջել Իրանից, Թեհրանից ասել են՝ իրենք են լուծում իրենց ներքին խնդիրները

Թրամփն «անվերապահ կապիտուլացիա» է պահանջել Իրանից, Թեհրանից ասել են՝ իրենք են լուծում իրենց ներքին խնդիրները

7 մարտի 2026 – 12:35 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իրանից «անվերապահ կապիտուլյացիա»։

«Իրանի հետ որևէ համաձայնություն չի լինի, բացի անվերապահ կապիտուլյացիայից» – գրել է նա մարտի 6-ին Truth Social սոցիալական ցանցում, հայտնում է Deutsche Welle-ն:

Թրամփը նաև նշել է, որ Իսլամական հանրապետության կապիտուլյացիայից հետո ԱՄՆ-ն և իր դաշնակիցները կօգնեն Իրանին «անդունդի եզրից վերադառնալ և այն դարձնել տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ նախկինում»։

Որպես պայման նա նշել է «հոյակապ և ընդունելի առաջնորդի» կամ մի քանի ղեկավարող գործիչների նշանակումը։ Իր գրառման ավարտին Թրամփը գրել է կարգախոսը՝ «Եկե՛ք Իրանը կրկին մեծ դարձնենք»։

Թրամփը հայտարարել է նաև, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրության հարցին։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի նա մտադիր է ազդեցություն ունենալ Իրանի ապագա առաջնորդների վրա։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկրի ներքին գործերով զբաղվում են իրանցիները և օտարերկրացիների ցուցումների կարիք չունեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանի ներքին գործերը պատկանում են իրանցիներին, և նրանք բավական հասուն են, որպեսզի ընտրեն իրենց ներկայացուցիչներին՝ լինի դա խորհրդարանում, նախագահների ընտրության ժամանակ, թե հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության գործընթացում։ Մեզ անհրաժեշտ չեն որևէ օտարերկրացիներ, որոնք մեզ կասեն՝ ինչ անել կամ ինչ չանել», — հայտարարել է նա France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրաժարվել Իրանի շուրջ և ամբողջ Մերձավոր Արևելքում խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերից, հայտնում է Lenta.ru-ն:

Պուտինը տեղեկացրել է իր իրանցի գործընկերին, որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների առաջնորդների հետ։ Իրանի նախագահը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի ժողովրդի նկատմամբ ցուցաբերած համերաշխության համար և ներկայացրել է հակամարտության ընթացքի մանրամասները։ Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս պահպանել կապը տարբեր հաղորդակցման ուղիներով։

Թեհրանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը, օգտագործելով միջազգային հարթակում ունեցած իր հնարավորությունները, կաջակցի Իրանի օրինական իրավունքներին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պայմաններում։ Իրանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան կարող է իր ազդեցությամբ պաշտպանել իրանական ժողովրդի իրավունքը ներկայիս հարվածների ֆոնին։

Իրանի նախագահն կտրուկ մերժել է այն պնդումները, թե Իրանը հարձակվել է Ադրբեջանի վրա՝ դրանք անվանելով «թշնամիների դավադրություն՝ հարևանների միջև եղբայրական հարաբերությունները խաթարելու նպատակով»։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են զանգվածային ավիահարվածներ հասցնել Իրանին։ Այդ հարվածների հետևանքով, Խամենեիից բացի, սպանվել են նաև Իրանի ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Պատասխան գործողությունների շրջանակում Իրանը փետրվարի 28-ից հարվածներ է հասցրել Իսրայելին, Պարսից ծոցի մի շարք երկրներին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտներին։

Leave a Comment