Գանայի ՄԱԿ-ի խաղաղապահ գումարտակի Լիբանանում գտնվող շտաբ-բնակարանը հրթիռային հարձակման է ենթարկվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Գանայի զինված ուժերին։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) և Գանայի բանակը չեն նշել, թե ով է իրականացրել հարձակումը։ Առաքելությունը հայտարարել է, որ միջադեպի հանգամանքները կհետաքննվեն։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, սակայն, հայտարարել է, որ երկրի վրա Իսրայելի հարձակումները «հասել են նույնիսկ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անմիջական թիրախավորմանը»։
Patriotic Vision PVA իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամադ Սաֆան հայտնել է, որ իսրայելական բանակը «դիտավորյալ թիրախավորել է խաղաղապահներին»՝ միջադեպը որակելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության խախտում։ Հարվածի հետևանքով երկու զինծառայող ծանր վիրավորվել է։ Սպաների ճաշարանը վնասվել և այրվել է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է այս հարձակումը՝ այն անվանելով «անընդունելի»։ Լիբանանի և Սիրիայի առաջնորդների հետ բանակցություններից հետո նա հայտարարել է, որ Ֆրանսիան համագործակցում է իր գործընկերների հետ՝ տարածաշրջանում հակամարտության հետագա տարածումը կանխելու համար։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 7 օր։
