Ինչպես է հաշվարկվում աշխատանքային ստաժ ունեցողների թոշակի բարձրացումը․ պարզաբանում է նախարարը (ՎԻԴԵՈ)

Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, թե որքան կբարձրանա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուների կենսաթոշակը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, թե որքան կբարձրանա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուների կենսաթոշակը։


Նա անդրադարձել է մի տեսանյութի, որում քաղաքացին վրդվմունք է հայտնել այն փաստից, որ իր թոշակը, որպես աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացու, ավելի քիչ է բարձրանում։


«Երեկ մի տեսանյութ ընկավ աչքովս, որը հիմա միասին կնայենք, և ես դրանից հետո այն կմեկնաբանեմ», – նշել է Թորոսյանը՝ հրապարակելով տեսանյութը, որում կինը նշում է․ «Քրտնել եմ, աշխատել եմ, ով որ էլ իրանց տանը քնել է, նրա թոշակն են ավելացնում։ Իմն ավելի քիչ է ավելացնում։ Խի՞։ Ես քրտնել եմ դրա համար»։


«Մեր հարգելի քաղաքացին, մեր սիրելի տատիկը, մայրիկը բողոքում է, որ մենք իր կենսաթոշակը, քանի որ ինքը երկար տարիներ է աշխատել, ավելի քիչ ենք բարձրացնում, քան քիչ աշխատող մարդկանց կենսաթոշակը, ինչը ամենևին այդպես չէ, այսինքն բացարձակ այդպես չէ։ Եվ մեր սիրելի քաղաքացին, ենթադրում եմ, տրվել է տարբեր սուտ տեղեկությունների՝ հիբրիդային այս պատերազմի շրջանակներում, և դրա համար վրդովվել է։ Եվ ես ուզում եմ երկու թվով ներկայացնել, թե ինչպես է իրականում», – նշել է Թորոսյանը։ 


Նա որպես օրինակ ներկայացրել է 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացու կենսաթոշակը, որ հիմա 39950 դրամ է, և 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացու կենսաթոշակը, որը 55850 դրամ է։ 


«Ուրեմն և՛ առաջին թիվը, և՛ երկրորդ թիվը բարձրանալու են 10000 դրամով ուղիղ։ Եվ 20 տարվա ստաժ ունեցողինը դառնալու է 49950 դրամ, իսկ 40 տարվա ստաժ ունեցողինը՝ 65850 դրամ, և դա չհաշված նաև հետվճարը, որը կարող է լինել մինչև 10000 դրամ։ Հետևաբար, հարգելի՛ քաղաքացիներ, ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում հետևել միայն պաշտոնական լրահոսին, որովհետև մենք միշտ ամեն ինչ թափանցիկ ձեզ ներկայացնում ենք»,- նշել է Թորոսյանը։


Նշենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ ապրիլի 1–ից կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար՝ խոսքը 623 353 հոգու մասին է, կենսաթոշակը բարձրանալու է 10 000 դրամ և ավելի։ Մնացած 39 594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8 500 դրամով։ 8․500 դրամները հիմնականում վերաբերում են երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիներին, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինում կազմում է 95 հազար դրամ։ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի և ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստներն այսօր 39, 37.5 և 36 հազար դրամ են և դառնալու են 49, 47.5 և 46 հազար դրամ։


Leave a Comment