7 մարտի 2026 – 12:03 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 2 միլիոն 208 հազար 179։
Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել Ադրբեջանի 7 և Թուրքիայի 13.441 քաղաքացի՝ որպես զբոսաշրջիկ, հայտնում է «Փաստինֆոն» ՀՀ վիճակագրական կոմիտեի վրա հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականին ՀՀ սահմանային անցակետերով Թուրքիայից Հայաստան է ժամանել մոտ 14,000 մարդ։
ԱՄՆ-ից Հայաստան է այցելել 60,891 զբոսաշրջիկ։ Հայաստանը զբոսաշրջային ուղղություն է դարձել նաև Բելառուսի 16,735, Բելգիայի՝ 10,785, Գերմանիայի՝ 34,136 և Իտալիայի՝ 22,669 քաղաքացիների համար։
Բացի այդ, Հայաստանը գրավիչ ուղղություն է եղել Իրանից ժամանած 182,364 և Ռուսաստանի Դաշնությունից եկած 921,704 զբոսաշրջիկների համար։ Վրաստանից նույնպես այցելությունների թիվը բավական մեծ է եղել․ այդ երկրից Հայաստան է ժամանել 288,578 զբոսաշրջիկ։
Նշվում է նաև, որ անհայտ երկրներից Հայաստան է եկել 356 զբոսաշրջիկ։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստի, բուժման, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդել է իր հիմնական բնակության վայրից այլ վայր՝ առնվազն 24 ժամ և առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով։ Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատելը, որի դեպքում ուղևորության ծախսերը կփոխհատուցվեին տվյալ վայրում ստացված աշխատանքային եկամուտներից։