Երբ անձը չի կատարում դատական կամ վարչական ակտով սահմանված պարտավորությունը, հարկադիր կատարողն սկսում է կատարողական վարույթ։ Շատ քաղաքացիներ չգիտեն, որ այդ վարույթը անվճար չէ. օրենքը նախատեսում է կատարողական վճար, որը ծագում է վարույթ հարուցվելու պահից՝ անկախ կատարման արդյունքից։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 27–29-րդ հոդվածները հստակ սահմանում են կատարողական վճարների չափը, կարգը և կողմերի պարտավորությունները։
Ի՞նչ է կատարողական վճարը
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական վճարը կատարողական գործողությունների կատարման համար պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։ Այն ուղղված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փաստացի ծախսերի հատուցմանը և ծագում է ավտոմատ կերպով՝ վարույթ հարուցվելու փաստի ուժով։
Ե՞րբ է վճարում ՊԱՐՏԱՊԱՆԸ
Սա ընդհանուր կանոնն է. կատարողական վճարի բեռը սկզբունքորեն կրում է պարտապանը։
Կայուն վճար դրամական պահանջների դեպքում
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցվելու փաստի ուժով անհապաղ սահմանվում է կայուն վճար։ Մինչև 10 000 դրամ բռնագանձման վարույթներով այն կազմում է բռնագանձման ենթակա գումարի 50 տոկոսը, իսկ 10 000 դրամ և ավելի գումարի դեպքում՝ 5 000 դրամ կայուն գումար։
Լրացուցիչ տոկոսային վճար 100 000 դրամ և ավելի պահանջների դեպքում
Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կայուն վճարին լրացուցիչ գումարվում է նաև տոկոսային վճար։ Եթե պարտապանն ինքնուրույն վճարում կամ բռնագանձումը կատարվում է կատարողական վարույթի հարուցումից հետո երկու շաբաթվա ընթացքում, ապա կատարողական վճարը կազմում է վճարված կամ բռնագանձված գումարի 2 տոկոսը։ Եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցումից հետո երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո, ապա կատարողական վճարը կազմում է վճարված կամ բռնագանձված գումարի 4 տոկոսը։
Կողմերի հաշտության համաձայնության դեպքում եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին ներկայացվել է կատարողական վարույթի հարուցումից հետո երկու շաբաթվա ընթացքում, ապա կատարողական վճարը կազմում է բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 2 տոկոսը։ Եթե հաշտության համաձայնությունը ներկայացվել է երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո, ապա կատարողական վճարը կազմում է բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 4 տոկոսը։
Կանխիկ բռնագանձված գումարի դեպքում կատարողական վճարը կազմում է բռնագանձված գումարի 5 տոկոսը։ Հարկադիր աճուրդով կամ օրենքով սահմանված այլ ընթացակարգով գույք իրացվելու դեպքում կատարողական վճարը կազմում է իրացման գնի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան պահանջների բավարարմանն ուղղվող գումարի 10 տոկոսը։
Ոչ դրամական պահանջ` երբ պարտապանը պետք է կատարի գործողություն
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանը կամովին չի կատարում պարտավորությունը, և այն կատարվում է հարկադիր կատարման միջոցով, ապա կատարողական վճարը հաշվարկվում է փաստացի ծախսերից ելնելով։ Եթե փաստացի ծախսը կազմում է մինչև 500 000 դրամ, ապա կատարողական վճարը կազմում է այդ ծախսի եռապատիկը, բայց ոչ պակաս 100 000 դրամ։ Եթե փաստացի ծախսը կազմում է 500 000-ից մինչև 1 000 000 դրամ, ապա կատարողական վճարը կազմում է 1 500 000 դրամ։ Եթե փաստացի ծախսը գերազանցում է 1 000 000 դրամը, ապա կատարողական վճարը կազմում է այդ ծախսի 150 տոկոսը։
Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ոչ դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով պարտապանի համար ընդհանրապես չի սահմանվել կամավոր կատարման ժամկետ, ապա կատարողական վճարը կազմում է փաստացի կատարված ծախսերի չափ, բայց ոչ պակաս 5 000 դրամ։
Ե՞րբ է վճարում ՊԱՀԱՆՋԱՏԵՐԸ
Օրենքը հատուկ դեպքեր է նախատեսում, երբ կատարողական վճարի բեռն անցնում է պահանջատիրոջ վրա։
Դրամական պահանջ՝ երբ պահանջատերն ինքն է կարճում վարույթը
Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե 100 000 դրամ և ավելի գումարով դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է պահանջատիրոջ նախաձեռնությամբ, ապա, ի լրումն կայուն գումարի, պահանջատիրոջից ևս գանձվում է կատարողական վճար։ Եթե կարճման հիմքն ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցումից հետո երկու շաբաթվա ընթացքում, ապա կատարողական վճարը կազմում է բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 2 տոկոսը։ Եթե կարճման հիմքն ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո, ապա կատարողական վճարը կազմում է բռնագանձման ենթակա գումարի մնացորդի 4 տոկոսը։
Ոչ դրամական պահանջ՝ երբ վարույթն ավարտվում է պահանջատիրոջ նախաձեռնությամբ
Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ոչ դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է պահանջատիրոջ նախաձեռնությամբ, ապա պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար՝ փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ պակաս 5 000 դրամ։
Ապահովման վարույթ՝ երբ հայցը չի բավարարվում
Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապահովման վարույթով կատարողական վճար գանձվում է պահանջատիրոջից, եթե եզրափակիչ դատական ակտով հայցը չի բավարարվել, կամ հայցի ապահովումը վերացվել է մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Այդ դեպքում կատարողական վճարը կազմում է փաստացի կատարված ծախսերի չափ, բայց ոչ պակաս 5 000 դրամ։
Ե՞րբ կատարողական վճար ՉԻ գանձվում
Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կատարողական վճար չի գանձվում, եթե Հայաստանի Հանրապետության կամ համայնքի նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ուղղակի վճարումով։ Կատարողական վճար չի գանձվում նաև այն դեպքում, երբ կատարողական վարույթը կարճվել է Կառավարության սահմանած շրջանակի պարտավորություններով պարտքը ներելու հիմքով։
Կարևոր է իմանալ
Կատարողական վճարը ծագում է ավտոմատ կերպով՝ վարույթ հարուցվելու փաստի ուժով, ոչ թե կատարման ավարտից հետո։ Վարույթ հարուցվելուց երկու շաբաթվա ընթացքում կամովին վճարելը կատարողական վճարի տոկոսն կիսով չափ ցածր է պահում՝ 2 տոկոս ընդդեմ 4 տոկոսի։ Փոքր պարտքերի, այն է՝ մինչև 10 000 դրամ, դեպքում կատարողական վճարը կարող է կազմել ամբողջ պարտքի կեսը։ Պահանջատերն ևս կատարողական վճարի ենթակա կարող է լինել, եթե անհիմն կամ ուշ է կարճում վարույթը, կամ հայցն ամբողջությամբ մերժվել է դատարանի կողմից։ Կատարողական վճարի ամենախելամիտ կանխարգելումը պարտավորությունը կամովին ու ժամկետում կատարելն է, որը բոլոր լրացուցիչ ծախսերը զրոյացնում է, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅՆԸՍ» իրավաբանական ընկերությանը։
