Բաքուն ԻՀՊԿ-ին մեղադրել է իր տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ․ 8 ադրբեջանցի է ձերբակալվել

Բաքուն ԻՀՊԿ-ին մեղադրել է իր տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ․ 8 ադրբեջանցի է ձերբակալվել

7 մարտի 2026 – 11:11 AMT

PanARMENIAN.NetԲաքուն մեղադրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ԻՀՊԿ-ին, իր տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ․ 8 ադրբեջանցի է ձերբակալվել:

Հայտարարվել է, թե թիրախում Բաքու-Ջեյհան նավթամուղն էր, Իսրայելի դեսպանությունն ու սինագոգը, հայտնում է Minval.az-ը:

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր հակահետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են ահաբեկչական սադրանքներ, որոնք նախատեսվում էին իրականացնել Ադրբեջանում Իրանի հատուկ ծառայությունների՝ ԻՀՊԿ-ի կողմից։

Գործի շրջանակում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Թարխան Գուլիևը, Նիջաթ Աղաևը, Ասադ Աբդուլաևը, Ռաշադ Ռուստամովը, Խադիջա Աղաևան, Էլվին Ահմեդովը, Նարմինա Շաբանովան և Նաիբ Իսմիևը խոստովանել են, որ կատարել են ԻՀՊԿ-ի հետ կապված անձանց հանձնարարությունները։ Նրանք ստացել են պայթուցիկ սարքեր և կատարել են առաջադրանքներ, որոնք կապված էին մահափորձերի նախապատրաստման հետ»,-ասվում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Քննության տվյալներով՝ այդ գործողությունների կազմակերպմամբ, իբր, զբաղվել է ԻՀՊԿ հետախուզական ստորաբաժանման սպա՝ գնդապետ Ալի Աշգար Բորդբար Շերամին։

Հաղորդագրությունում նաև նշվել է. «Միջազգային հետախուզում է հայտարարվել Իրանի քաղաքացիներ Յասեր Ռահիմ Զանկիի, Բեյնամ Ռուստամզադե Սահիբալիի, Հաֆիզ Թավասոլիի և Շեյխզադե Սաջադ Մոհամմադ Սատի Սոֆի Էվադի նկատմամբ։ Նրանց կասկածում են Ադրբեջանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով հետախուզական տվյալներ հավաքելու և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։ Դատարանն արդեն վճիռ է կայացրել գործով անցնող չորս անձանց վերաբերյալ։ Թարխան Գուլիևը, Նիջաթ Աղաևը, Ասադ Աբդուլաևը և Ռաշադ Ռուստամովը դատապարտվել են վեց տարի և վեց ամիս ազատազրկման»։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Նարմինա Շաբանովան և Նաիբ Իսմիևը մեղադրվում են պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։

Գերատեսչությունում նաև նշել են. «Էլվին Ահմեդովին մեղադրանք է առաջադրվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության համար։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա:

Ադրբեջանը հետ է կանչել իր դիվանագետներին Իրանից: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է նշանակում երկրում հայտարարված «մոբիլիզացիա №1»-ը: Գերատեսչության հաղորդմամբ՝ նման որոշման դեպքում Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստության վիճակի։ Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչ։

Leave a Comment