Բաքուն հայտարարել է դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից դուրս բերելու մասին

Բաքուն իր դիվանագիտական ​​անձնակազմը դուրս է բերում Իրանից, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանցի դիվանագետը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։

«Ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում»,- նշել է Բայրամովը։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել էր ստացած վնասվածքներից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով:

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։ Բաքուն հայտարարել էր, որ հարձակումը նպաստել է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։

 

Leave a Comment