Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումները, որոնք իրականացվել են փետրվարի 3-13-ը 18 տարին լրացած Հայաստանի 1506 մշտական բնակիչների շրջանում, արձանագրել են քաղաքացիների անորոշությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:
Այս տվյալները համահունչ են Armenia Today-ի 2025 թվականի մայիսի և հոկտեմբերի հետազոտությունների արդյունքներին, որոնք փաստում էին, որ Երևանի և մարզերի հարցվածների ավելի քան 50%-ը հոգնել է թե՛ գործող իշխանությունից, թե՛ ընդդիմությունից:
Հետազոտության տվյալներն արձանագրում են բնակչության զգալի դժգոհությունն օրենսդիր և գործադիր իշխանությունների աշխատանքից։ Այս միտումն ուղեկցվում է ավանդական մեդիայի նկատմամբ անվստահությամբ և սոցիալական հարթակներում քաղաքական նորություններին հետևելու նախապատվությամբ, որտեղ լսարանի ներգրավվածությամբ առաջատարը Facebook-ն է։
Հետազոտության համաձայն՝ հանրության մեջ նկատվում է բևեռացում և աճող թերահավատություն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ։ Ամենացածր ցուցանիշները գրանցել է երկրի օրենսդիր մարմինը. Ազգային ժողովի գործունեությունից դժգոհ է հարցվածների 66%-ը, ընդ որում՝ հարցվածների 44%-ը հայտնել է ծայրահեղ դժգոհություն:
Վստահության պակաս է արձանագրվել նաև գործադիր իշխանության նկատմամբ։ Վարչապետի աշխատակազմի աշխատանքը չի գոհացնում քաղաքացիների 51%-ին, իսկ նախարարությունների գործունեությունը՝ 47%-ին:
Հատկանշական է, որ թե՛ վարչապետի, թե՛ նախագահի աշխատակազմերից «ընդհանրապես գոհ չեմ» արտահայտվածների մասնաբաժինը նույնական է և կազմում է 36%, ինչը վկայում է բարձրագույն քաղաքական ղեկավարության ընկալման մեջ առկա կայուն բացասական միտման մասին:
Քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազման ֆոնին առավել բարձր գնահատական են ստանում ուժային և կրոնական կառույցները։ Հանրային վստահության ամենաբարձր մակարդակը շարունակում է պահպանել Հայաստանի զինված ուժերը՝ 73%, երկրորդ տեղում է Հայ Առաքելական եկեղեցին՝ 62% ցուցանիշով։
Փորձագետների գնահատմամբ՝ բանակի և քաղաքական իշխանությունների նկատմամբ վստահության զգալի տարբերությունը կարող է վկայել գործող իշխանական ինստիտուտների լեգիտիմության լուրջ խնդիրների մասին։
Եթե 2025թ. հունիսին եկեղեցուն վստահողների մասնաբաժինը կազմել էր 58%, ապա վերջին հետազոտությամբ այն հասել է 62%-ի։
Հետազոտության համաձայն՝ եկեղեցուն առավել շատ վստահում են 18-35 տարեկան երիտասարդները․ այս տարիքային խմբում դրական գնահատականը հասնում է 71%-ի։ Բարձր վստահություն է գրանցվել նաև Երևանից դուրս բնակվող քաղաքային բնակչության շրջանում՝ 67%։
Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի զինված ուժերի, եկեղեցու և քաղաքական ղեկավարության նկատմամբ վստահության միջև առկա զգալի տարբերությունը վկայում է քաղաքացիական իշխանության ինստիտուտների լեգիտիմության խորացող ճգնաժամի մասին։
Հարցման շրջանակում գնահատվել է նաև կառավարության աշխատանքի արդյունավետությունը։ Վերջին 6 ամիսների ընթացքում գործադիր իշխանության հիմնական ձեռքբերումների մասին հարցին հարցվածների գրեթե կեսը չի կարողացել դրական պատասխան տալ։ Մասնավորապես, հարցվածների 32%-ը նշել է, որ որևէ ձեռքբերում չի գրանցվել, իսկ ևս 17%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
Նրանց թվում, ովքեր նշել են կոնկրետ հաջողություններ, առավել հաճախ հիշատակվել են անվտանգության և խաղաղության ապահովման քայլերը՝ 17%, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը՝ 9%, ինչպես նաև ճանապարհաշինության և ճանապարհների բարեկարգման ծրագրերը՝ 9%։
Միևնույն ժամանակ, որպես կառավարության հիմնական բացթողումներ հարցվածները նշել են արտաքին քաղաքականության և դիվանագիտության սխալները՝ 10%, ինչպես նաև իշխանությունների կողմից հոգևորականների նկատմամբ ճնշումները՝ 7%։
Հայաստանի էլեկտորալ լանդշաֆտը․ վստահության ճգնաժամ և անորոշության գործոններ
Հայաստանի ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիան բնութագրվում է «չկողմնորոշված» ընտրազանգվածի զգալի ծավալով, ինչը բարձր անորոշություն է ստեղծում ապագա ընտրական փուլերից առաջ։
IRI-ի տվյալներով՝ հարցվածների 30%-ը դժվարանում է կամ չի ցանկանում նշել նախընտրելի կուսակցությունը, իսկ ևս 9%-ը հրաժարվում է պատասխանել ընտրության մասին հարցին։ Կուսակցական կտրվածքով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 24% աջակցությամբ, որին հաջորդում է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով»/«Ուժեղ Հայաստան»-ը՝ 9% ցուցանիշով։ Ընդդիմադիր ուժերը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ կապվող քաղաքական դաշինքների, պահպանում են պոտենցիալ ձայների միայն 3-ական տոկոսը։
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության մեջ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ կարծիքներն զգալիորեն բաշխված են։ Հարցին, թե ո՞ր երկիրն է հանդիսանում Հայաստանի ամենակարևոր քաղաքական գործընկերը, հարցվածների պատասխանները գրեթե հավասար են բաժանվել․ 43%-ը նշել է Ռուսաստանը, 42%-ը՝ Միացյալ Նահանգները։
Ամենակարևոր գործընկերների հնգյակում են հայտնվել նաև Ֆրանսիան՝ 27% ցուցանիշով, Իրանը՝ 34%, ինչպես նաև Եվրոպական միությունը՝ որպես ինստիտուցիոնալ միավոր՝ 29%։ Հատկանշական է, որ Հնդկաստանը, որը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Երևանի հետ, արդեն ընկալվում է որպես կարևոր գործընկեր բնակչության 6%-ի կողմից։
Միևնույն ժամանակ, քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հիմնական քաղաքական սպառնալիք է համարում Ադրբեջանը․ այդպես է պատասխանել հարցվածների 80%-ը։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 69% ցուցանիշով։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների 51%-ը պատրաստ է քվեարկել Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության օգտին։ ԵՄ-ից հիմնական ակնկալիքները կապված են տնտեսական զարգացման և կայունության հետ․ հարցվածների 26%-ը, որպես հիմնական սպասում, նշել է տնտեսական աճը, իսկ 14%-ը՝ կայունության ամրապնդումը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների համատեղ հռչակագիրը, որը հայտնի է որպես «Թրամփի ուղի» կամ ԹՐԻՓՓ նախագիծ, հասարակության շրջանում առաջացնում է զգալի թերահավատություն։ Հարցվածների 47%-ը դեմ է այս նախաձեռնության իրականացմանը (որից 34%-ը՝ «ընդհանրապես դեմ»), մինչդեռ աջակցության մակարդակը կազմում է 44%։ Նախագծի նկատմամբ առավել բացասական վերաբերմունք է գրանցվել Երևանում բնակվողների և երիտասարդների շրջանում․ այս խմբերում 37%-ը հանդես է եկել նախաձեռնության դեմ։
Մեդիա ոլորտի վստահության ճգնաժամ
Հետազոտությունը ցույց է տալիս նաև մեդիա դաշտում վստահության լուրջ խնդիրներ։ Հարցվածների գրեթե մեկ երրորդը՝ 29%-ը, հայտարարել է, որ քաղաքական տեղեկատվություն ստանալու հարցում չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Քաղաքական տեղեկատվություն ստանալու հիմնական հարթակը դարձել է Facebook-ը, որն օգտագործում է հարցվածների 55%-ը։ Երկրորդ տեղում է YouTube-ը՝ 21% ցուցանիշով, որին հաջորդում են Instagram-ը՝ 16% և Telegram-ը՝ 14%։
Միևնույն ժամանակ, քաղաքացիների 23%-ը նշել է, որ քաղաքական գործընթացներին հետևելու համար ընդհանրապես չի օգտագործում սոցիալական ցանցեր։
