ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, տեղեկանում ենք Փաստաբանների պալատի հրապարակած հաղորդագրությունից։
Պալատից հայտնել են, որ անմիջական կապի մեջ են Հակոբյանի պաշտպանական խմբի հետ և քննարկում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված հետագա քայլերը։
Կառույցից նշել են, որ Հակոբյանի պաշտպանությունը կարգավորվում է Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն (պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում)։
Factor-ի տեղեկություններով՝ փաստաբանին ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով, որը կապված է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի հետ։ Խոսքը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։
Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին չմեկնաբանեց փաստաբանի ձերբակալության մասին լուրը։ Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ «դեռևս մեկնաբանություն չունեն»։
Նշենք, որ Հակոբյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի և Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ալանյանի փաստաբանն է։
